Հասարակական

Պետությունն ավելի հասցեական աջակցության համար տեսնում է «քարտեզագրման» կարիք

2 րոպեի ընթերցում

Պետությունն ավելի հասցեական աջակցության համար տեսնում է «քարտեզագրման» կարիք

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը երկրում արտակարգ դրության պայմաններում կառավարության աջակցությունն ավելի հասցեական դարձնելու համար «քարտեզագրելու» անհրաժեշտություն է տեսնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Ջանջուղազյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հարցին:

Իգիթյանը շեշտեց՝ սոցիալական օգնությունն իսկապես պետք է լինի հասցեական, նկատեց, որ զարգացած երկրներում կա հայտարարագրերի ինստիտուտ: «Եվրոպական երկրների համար դա հասցեական անելն ավելի հեշտ է, քանի որ ունեն հայտարագրերի ինստիտուտ: Չեք կարծո՞ւմ, որ այս վիճակում կարող ենք փորձել ներդնել սոցիալապես կարիքավորի հայտարարագիր: Այսինքն՝ այն մարդը, որը գտնում է, որ կարիք ունի, պետք է հայտարարագրի իր կարիքը, իր հնարավորությունները, որ մենք ավելի հեշտությամբ գտնենք թիրախը, ամենակարիքավոր մարդուն»,-ասաց նա:

Ջանջուղազյանն արձագանքեց՝ չափազանց կարևոր է հասցեական օժանդակությունը: «Ոչ միայն Ձեր նկարագրած սոցիալապես կարիքավորներին, այլ նաև առհասարակ «քարտեզագրելու» կարիքը տեսնում ենք»,-արձագանքեց նախարարն ու խոստացավ առիթի դեպքում թեմային ավելի հանգամանորեն անդրադառնալ:

Կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում