Քաղաքականություն

Այս ողբերգությունը չի մոռացվել․ լիտվացի պատգամավորի ուղերձը Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Այս ողբերգությունը չի մոռացվել․ լիտվացի պատգամավորի ուղերձը Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիտվայի խորհրդարանում Հայաստանիհետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի (բարեկամության խմբի) ղեկավար Գուոդա Բուրոկիենեն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանատնից։

«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին, արդեն ավելի քան հարյուր տարի շարունակ, ողջ աշխարհի հայությունը և ամբողջ առաջադեմ հասարակությունը ոգեկոչում են տխուր մի օր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։ 1915-1916թթ․ մոտ 1,5 մլն հայեր զանգվածային կոտորածներիի և տեղահանությունների զոհը դարձան։ Դա 20-րդ դարի ամենամեծ զանգվածային վայրագություններից էր, որն անթիվ կորուստներ պատճառեց ողջ հայ ազգին։ Այս ողբերգությունն, այնուամենայնիվ, չի մոռացվել։

Լիտվան, շատ այլ երկրների պես, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Մարդկությունը պետք է տեղեկացված լինի այս ողբերության մասին, որպեսզի թույլ չտա նման պատմության կրկնությունը։ Հայերը, ովքեր այս ողբերգության պատճառով սփռվեցին ողջ աշխարհով մեկ, կառուցում են ակտիվ համայնքներ, որոնք ամուր կապեր են հաստատում և վառ պահում իրենց պատմությունը։

Համավարակի դեմ գլոբալ պայքարի և սոցիալական մեկուսացման այս դժվարին պայմաններում մենք պետք է պահպանենք միություն, ցուցաբերենք միջազգային համերաշխություն և վառ պահենք մեր պատմական հիշողությունը։ Օգտվելով առիթից՝ իմ սիրելի ընկերներ, հղում եմ ամուր առողջության, հույսի և համբերության իմ մաղթանքները»,- ասված է ուղերձում։

Տեղեկանք

Լիտվայի Սեյմասում ՀՀ ԱԺ հետ բարեկամության խումբը ձևավորվել է 2016 թ. խորհրդարանական ընտրություններից հետո և իր 46 անդամներով համարվում ամենամեծ բարեկամության խմբերից մեկը։ Լիտվայի Սեյմասը 2005թ. դեկտեմբերի 15-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում