Հասարակական

Նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում մեր պահանջատիրական ձայնը չի լռելու․ Զարեհ Սինանյան

2 րոպեի ընթերցում

Նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում մեր պահանջատիրական ձայնը չի լռելու․ Զարեհ Սինանյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողջ հայությանը, ովքեր կորոնավիրուսի պատճառով հնարավորություն չունեն ֆիզիկապես ներկա գտնվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ կոչ է անում հեռակա կերպով մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց մամուլի ասուլիսին։

«Մեր հայրենակիցները կարող են իրենց անուններն ուղարկել հաղորդագրության միջոցով և բոլորի անունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի սյուների վրա։ Մենք այս քայլով, մի փոքր յուրահատուկ ձևով, ևս մեկ անգամ միահամուռ կերպով կբարձրացնենք մեր ձայնը։ Թող բոլորն իմանան, որ նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում մեր պանջատիրական ձայնը չի լռելու»,- նշեց Սինանյանը և հավելեց, որ հայերը պետք է շարունակեն պահանջել համամարդկային արժեքների հաղթանակ և արդարություն։

Սինանյանը հույս հայտնեց, որ 2022 թվականին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հնարավոր կլինի անցկացնել ոչ արտակարգ դրության պայմաններում։

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին տեղաշարժի սահմանափակման պատճառով ապրիլի 24-ին այցելուների մուտքը փակ կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ապրիլի 24-ին բոլոր քաղաքացիները հաղորդագրությունները կկարողանան ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից և 0037433191500 հեռախոսահամարին արտասահմանից՝ իրենց անվամբ՝ հաստատելու հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում