Հասարակական

Ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները. կհեշտացվի աջակցության 9-րդ միջոցառման դիմելու կարգը

3 րոպեի ընթերցում

Ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները. կհեշտացվի աջակցության 9-րդ միջոցառման դիմելու կարգը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը դյուրինացնում է աջակցության 9-րդ միջոցառմանը դիմելու ընթացակարգը. ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները, երեխաների տվյալները կլրացվեն ինքնաշխատ եղանակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

«9-րդ միջոցառման շրջանակում անձը կարող է մի քանի դիմում ներկայացնել իր տարբեր երեխաների համար, ինչպես նաև կարող է մեկ դիմումով լրացնել բոլոր երեխաների տվյալները: Այս պահին մեր ծրագրավորողներն աշխատում են, որպեսզի ավելի պարզեցնենք համակարգը, և քաղաքացիները ստիպված չլինեն ներկայացնել իրենց բոլոր երեխաների տվյալները՝ ծննդյան վկայականների տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը: Շատ են լինում դեպքերը, երբ մուտքագրելու ժամանակ քաղաքացիները սխալներ են անում»,-ասաց Սարգսյանը:

Նա հույս հայտնեց, որ մինչև շաբաթվա վերջ կլինի նոր գործիքը, երբ ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները, և ինքնաշխատ եղանակով բոլոր երեխաների տյվալները կլրացվեն:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝ երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, երեխայի ընտանիքը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից, երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ չեն հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել: Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում