«Ծնողական փառք» մեդալ ստացած ընտանիքների ծնողների համար կսահմանվի պատվո վճար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Ծնողական փառք» մեդալ ստացած ընտանիքների ծնողներին տրամադրել ամսական պատվո վճար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն ընդունվեց 115 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայներով։
Նախագծով առաջարկվում է, որ «Ծնողական փառք» մեդալով պարգևատրված անձանց տրվի ամենամսյա պատվո վճար, որի կարգը և չափը, ինչպես նաև պայմանները պետք է սահմանվեն կառավարության որոշմամբ: Այս պահի դրությամբ` առկա է 9 ընտանիք, որոնք արժանացել են «Ծնողական փառք» մեդալի:
«Ծնողական փառք» մեդալ ստանալու համար հիմնական երկու պայմաններն են 6 և ավելի երեխաների առկայությունը և համայնքում ու ընդհանրապես ընտանիքի մասին դրական ձևավորված կարծիքը: Հաշվի է առնվում նաև այն, որ ընտանիքի տղաներից գոնե մեկը ծառայել է բանակում, մասնակցել մարտական գործողությունների:
Կառավարությունն առաջարկում է 9 ընտանիքների համար սահմանել ամսական պատվո վճար՝ 40 հազարական դրամի չափով:
«Ծնողական փառք» մեդալ ստանալու համար համայնքը, մարզպետարանը, կառավարությունը՝ ի դեմս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, վարչապետի և նախագահի գրասենյակները կարող են առաջարկել թեկնածուներ: Վերջնական որոշումը կայացնում է այդ հարցով ստեղծված հանձնաժողովը:
Նորայր Շողիկյան