Իրավունք

Բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան հասանելի դարձնող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

3 րոպեի ընթերցում

Բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան հասանելի դարձնող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ին և ՊԵԿ-ին առաջարկվում է հասանելիություն տրամադրել բաժնետոմսերի և դրանց սեփականտերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդարանի ապրիլի 16-ի նիստում օրինագիծն ընդունվեց 80 «կողմ», 17 «դեմ» և 17 «ձեռնպահ» ձայներով։

Ապրիլի 14-ի նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

«Բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան հասանելի է դառնալու իրավապահ մարմիններին, ՏՄՊՊՀ-ինևՊԵԿ-ին: Բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի մասին ինֆորմացիան հիմա հնարավոր է ստանալ միայն քրեական գործի շրջանակում՝ կասկածյալի կամ մեղադրյալի մասով՝ միայն դատարանի որոշմամբ: Դեռևս 2001-ից ՍՊԸ-ների բաժնեմասերի սեփականատերերի ինֆորմացիան բաց է, իսկ 2013-ից դրան ուղիղ հասանելիություն ունեն նաև պետական մարմինները: Այս տարիների ընթացքում բազմիցս փորձ է արվել բացել նաև բաժնետերերի մասին ինֆորմացիան, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ այդ թվում քաղաքական, այդ նախաձեռնությունները սառեցվել են»,-նշել էր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ իրավապահ մարմիններին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննություն իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի իմանան բաժնետոմսերի սեփականատերերին և սեփականատերերի վերաբերյալ այլ տվյալներ: Հարկային մարմինների համար էական է բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիայի տիրապետումը, քանի որ «Հարկային օրենսգրքով» նախատեսված է «փոխկապակցված անձ» եզրույթը, որի չափանիշներից մեկն է նաև միևնույն սուբյեկտի կողմից որոշակի չափաքանակով երկու ընկերությունում բաժնետոմսերի սեփականատեր հանդիսանալը, և դրանով էլ որոշվում է հարկման շեմը: ՏՄՊՊՀ-ին այդ ինֆորմացիան անհրաժեշտ է գերիշխող դիրքի որոշման, հակամրցակցային համաձայնության և այլնի համար:

Օրենքի նախագծով առաջարկվում է այդ մարմիններին հասանելիություն տրամադրել ընկերությունների բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային, ինչպես նաև արժեթղթերի հաշիվների ցանկի, տեսակի և կարգավիճակի վերաբերյալ տվյալներին:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում