Ալեն Սիմոնյանը Արցախի ընտրատեղամասերում կոպիտ խախտումներ չի արձանագրել
3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը դիտորդական առաքելություն իրականացնող ՀՀ Ազգային ժողովի դիտորդական խմբի ղեկավար, խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ընտրատեղամասերում կոպիտ խախտումներ չի արձանագրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ Սիմոնյանը նշել է, որ 6 հոգանոց դիտորդական խումբը հասցրել է լինել Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ընտրական տեղամասերում։
«Պետք է նշեմ, որ տեղամասերում կոպիտ խախտումներ չեն արձանագրվել: Ընդհանուր առմամբ, որևիցե արտառոց դեպք ևս չի գրանցվել: Ամեն անգամ մենք ակնկալում ենք ցածր ակտիվություն, սակայն ընտրատեղամասերում նկատելի է ընտրողների բարձր ակտիվություն»,- ասել է Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ով է ընտրվելու է Հանրապետության նախագահ, իրենք պատրաստ են համագործակցության:
«Անձերի հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել, քանի որ մենք ունենք մեկ համընդհանուր նպատակ: Բնականաբար, նոր ակնկալիքներով լցված, պատրաստ ենք աշխատելու Արցախի նոր իշխանությունների հետ»,- նշել է ԱԺ փոխնախագահը:
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը մարտի 31-ին կայացած ԱԺ ընտրություններում ստացել էր 4269 «կողմ» ձայն կամ 5,81%-ը, և մանդատներ ստացել խորհրդարանում։
Արցախի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ապրիլի 14-ի, ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ են դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% «կողմ» ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% «կողմ» ձայնով։
Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում:
Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103.637, որոնցից 832 հոգի ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ն ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:
Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում արցախցիներին կոչ է արել չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։
Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։