Հասարակական

Կառավարությունը տուժած ոլորտների գրանցված 27 հազար աշխատակցի կտրամադրի աջակցություն

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը տուժած ոլորտների գրանցված 27 հազար աշխատակցի կտրամադրի աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու հանդիսացող տուժած ոլորտների գրանցված աշխատողներից 27 հազարն արդեն կարող է աջակցություն ստանալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«8-րդ միջոցառումը նախատեսված է տուժած ոլորտների գրանցված աշխատողների համար։ Այն մեկնարկել է ապրիլի 13-ին և մի քանի ժամվա ընթացքում ֆիզիկական անձանցից մենք ստացել ենք ավելի քան 45 հազար դիմում։ Քաղաքացիները մուտք են գործել ssa.am կայք և գրանցվել։ Դրանցից հաստատվել է 27 հազարը, նրանց վճարումներն այսօր առավոտից սկսել են։ Միջոցառման համար ընդհանուր առմամբ տրամադրվել է 1․8 մլրդ դրամ», - նշեց Բաթոյանը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար գործարկել է 11 միջոցառում։

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում