Հասարակական

Կառավարության տրամադրած սոցիալական աջակցության շնորհիվ 5957 շահառու հղի կանայք կստանան աջակցություն

2 րոպեի ընթերցում

Կառավարության տրամադրած սոցիալական աջակցության շնորհիվ 5957 շահառու հղի կանայք կստանան աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառու հանդիսացող 5 957 հղի կանայք, որոնց ամուսիններն ազատվել են աշխատանքից կամ չեն աշխատել մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում, կարող են դիմել բանկ և ստանալ միանվագ աջակցություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«7-րդ միջոցառման շրջանակն ընդլայնվել է, և այժմ աջակցություն կստանան ոչ միայն այն հղիները, որոնց ամուսիններն ազատվել էին աշխատանքից մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում, նաև այն հղիները, որոնց ամուսիններն այդ նույն ժամանակահատվածում չեն աշխատել։ Այս պահին ծրագրի շահառու է հանդիսանում 5 957 քաղաքացի, ցանկը թարմացվում է»,- նշեց Բաթոյանը։

7-րդ միջոցառման ֆինանսավորումը սկսվել է ապրիլի 10-ից։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար գործարկել է 11 միջոցառում։

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում