Երևանի փոխքաղաքապետը կոչ է անում հետևել սուպերմարկետներում դրամարկղերի մոտ արված գծանշաններին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը կոչ է անում քաղաքացիներին հետևել սուպերմարկետներում դրամարկղերի մոտ արված գծանշաններին և պահպանել սոցիալական հեռավորություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսին։
«Մեզնից յուրաքանչյուրը կարող է վարակի տարածումը կանխելու ուղղությամբ աշխատանք տանել։ Պահպանելով 1-2 մ սոցիալական հեռավորություն խանութներում, սուպերմարկետներում՝ ներդնել փորքիկ լումա այդ գործընթացում։ Մենք բազմաթիվ անգամ հորդորել ենք նաև մեր մասնավոր սեկտորի գործընկերներին՝ դրամարկղերի մոտ հերթերի կանոնակարգման ուղղությամբ վերահսկողություն սահմանել»,- նշեց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ իրենք պարբերաբար ստանում են ահազանգեր, որ այս կամ այն սուպերմարկետում կան մարդկանց մեծ հերթեր, ինչին քաղաքապետարանն անմիջապես արձագանքում է և կապ հաստատում սուպերմարկետների ղեկավարության հետ։
Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ:
Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 977 է, արձանագրվել է մահվան 13 դեպք: Ապաքինվել է 173 մարդ: