Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը ծանոթացել են շարժական լաբորատորիայի աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը ծանոթացել են շարժական լաբորատորիայի աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ապրիլի 11-ին ծանոթացել են Երևանում բացազատված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է շարժական լաբորատորիան սպասարկող անձնակազմի հետ, ծանոթացել առաջին նմուշառումների արդյունքներին, նախապես վարակազերծված լաբորատորիայում հետաքրքրվել դրա հնարավորություններով։

Շարժական լաբորատորիան ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել երկու պետությունների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:

Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցելու, ինչպես նաև հայ գործընկերներին այդ ոլորտում իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանում են նաև ՌԴ զինված ուժերի մասնագետները: ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության սպաները ռուս գործընկերների հետ արդեն իրականացնում են լաբորատոր հետազոտություններ, անցկացնում վերապատրաստման պարապմունքներ, քննարկումներ ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։

Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կարող է հետազոտություններ իրականացնել ցանկացած տեղանքում և եղանակային բարդ պայմաններում՝ ապահովելով իրականացվող ստուգումների 99% ճշգրտություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում