Մինչև 14 տարեկան երեխա ունեցող ծնողներն արդեն ստանում են 100 հազար դրամ միանվագ աջակցությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 4-րդ և 6-րդ միջոցառումների ֆինանսավորումն արդեն հասանելի է, և շահառու քաղաքացիները ստանում են միանվագ աջակցությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Արդեն հասանելի է 4-րդ և 6-րդ միջոցառումների ֆինանսավորումը։ Այն քաղաքացիները, ովքեր հանդիսանում են այս ծրագրերի շահառու, կարողանում են ստանալ գումարը, իսկ մի մասն էլ արդեն ստանում են։ 4-րդ ծրագրի միջոցով Կառավարությունը նպատակ ունի օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին։ Այսինքն՝ շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխաներ և ծնողներն ազատվել են աշխատանքից մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, կամ ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից այդ նույն ժամանակահատվածում, կամ ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից մարտի 13-25-ը, իսկ մյուս ծնողը մահացած է։ Այս ծրագրի ցանկն անընդհատ թարմացվում է, այդ պատճառով, եթե քաղաքացին չի գտնում իր անունը շահառուների ցանկում, կարող է մի փոքր ուշ կրկին փորձել»,- նշեց Բաթոյանը և հավելեց, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով՝ 100 հազար դրամի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար։

Նախարարը նշեց, որ 6-րդ միջոցառումը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք աշխատել են մասնավոր սեկտորում առնվազն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն անընդմեջ և ազատվել են աշխատանքից մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում: Այս դեպքում աջակցությունը սահմանված է նվազագույն աշխատավարձի չափով:

«Քաղաքացին իր շահառու լինելու փաստը կարող է ստուգել արդեն գործարկված ssa.am կայքում, մուտքագրել տվյալները և ճշտել։ Կայքում նշված է նաև այն բանկը, որտեղ անձը հաստատող փաստաթղթով քաղաքացին կարող է մոտենալ և ստանալ միանվագ աջակցությունը»,- նշեց Զարուհի Բաթոյանը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 10 միջոցառում է հաստատել։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը