Հասարակական

Վարչապետը վճռական է դատական համակարգի բարեփոխումները մինչև վերջ տանելու հարցում

2 րոպեի ընթերցում

Վարչապետը վճռական է դատական համակարգի բարեփոխումները մինչև վերջ տանելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատական օրենսգրքում փոփոխություններից հետո կսկսվի դատական համակարգի բարեփոխումների մի կարևոր փուլ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ապրիլի 6-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչ օրենք կարելի է ընդունել կամ ինչ սահմանափակումներ կարելի է դնել, որ նույն պատճառաբանությամբ դատական գործընթացներն այլևս չձգձգվեն և ունենան իրենց տրամաբանական և իրավական վերջաբանները։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Դատական օրենսգրքում համապատասխան փոփոխություններն արդեն իսկ ընդունված են Ազգային ժողովում, և հանրապետության նախագահի կողմից օրենքի ստորագրումից հետո կսկսվի դատական համակարգի բարեփոխումների գործընթացը։

«Մի կարևոր փուլ կթևակոխենք, որտեղ դատավորների բարեվարքության ստուգում տեղի կունենա և ընդհանրապես դատական համակարգի հակակոռուպցիոն քաղաքականությունն ավելի խիստ կլինի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ճգնաժամից առաջ նույնիսկ բոլոր միջազգային զեկույցներում, որտեղ համաշխարհային մակարդակով նշվում էր Հայաստանի շատ բարձր տնտեսական աճի ցուցանիշը, նաև ընդգծվում էր, որ այսօր տնտեսական բարեփոխումների և տնտեսական աճի զարգացման հետագա բարեհաջող ընթացքը ապահովելու համար, անհրաժեշտ է կատարել դատաիրավական համակարգի արդյունավետ բարեփոխումներ։

«Վճռական ենք դատական համակարգի բարեփոխումները մինչև վերջ տանել, այդ թվում՝ նաև Սահմանադրական դատարանի թնջուկը լուծել։ Ինչպես գիտեք, այդ կապակցությամբ սահմանադրական հանրաքվե է նշանակված»,- եզրափակեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում