ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ոստիկանության ստորաբաժանումներում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։
«Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակված 6 ոստիկան, մեկուսացվել է 11 ոստիկան»,- ասաց Մհրյանը։
Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։