Հասարակական

Մահացած օպերային երգչուհին հրաժարվել էր հոսպիտալացումից. նրա քույրը վատառողջ է

2 րոպեի ընթերցում

 Մահացած օպերային երգչուհին հրաժարվել էր հոսպիտալացումից. նրա քույրը վատառողջ է

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օրերս մահացած օպերային երգչուհի Աննա Սարդարյանի՝ թոքաբորբ ունենալ-չունենալու փաստը դեռ պետք է հաստատի դիահերձարանը: Երգչուհու քույրը վատառողջ է, նախարարության մասնագետները կապ են հաստատել նրա հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ նշելով պետք է անձնական ու բժշկական գաղտնիքը պաշտպանվի:

«Ես խոսել եմ երգչուհու հարազատների հետ: Կինը ապրել է տանը միայնակ: Չգիտեմ՝ ունեցել է թոքաբորբ, թե ոչ, դա պետք է հաստատի դիահերձարանը»,-ասաց Նիկողոսյանը:

Նա միևնույն ժամանակ հայտնեց, որ Շտապօգնության կանչ է գրանցվել, բժիշկները գնացել են, երգչուհուն առաջարկել, որ հոսպիտալացվի, որպեսզի հետո անցնի թեստավորում, սակայն նա հրաժարվել է հոսպիտալացումից և ասել, որ առավոտյան կդիմի հիվանդանոց: Առավոտյան արդեն մահը վրա է հասել:

Երգչուհու շփման շրջանակը պարզվում է:

Մարտի 31-ին հիսուն տարեկանում մահացել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը: Նրա գործընկերները հայտնել են, որ Սարդարյանը մահացել է թոքաբորբից։

Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Ապաքինվել է 33 քաղաքացի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում