Կառավարությունն ԱԺ օրակարգից հանել է կորոնավիրուսից մահացածներին չհերձելու մասին օրենքի նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը որոշել է իր առաջարկությամբ գումարված ԱԺ արտահերթ նիստի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման օրակարգից հանել կորոնավիրուսից մահացածներին չհերձելու վերաբերյալ օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս մասին ասաց ԱԺ մարտի 31-ի արտահերթ նիստում մեկ այլ օրենքի նախագծի վերաբերյալ իր ելույթի վերջում:

«Կառավարությունը որոշել է երկրորդ ընթերցման օրակարգից հանել Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքը»,-ասաց նախարարը:

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր մարտի 30-ի արտահերթ նիստում: ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն այն ներկայացնելով մասնավորապես նշել էր, որ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները դեռևս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված պահանջներին։ Նշված հիվանդության վերավարակելիության աստիճանը դեռևս ամբողջովին ուսումնասիրված և բացահայտված չէ, ինչպես նաև դիակի ներսում կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը դեռ պարզված չէ, կարող են հերձման արդյունքում առաջանալ վարակի տարածման անդառնալի հետևանքներ: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել այս հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում, ըստ բժշկական փաստաթղթերի, չիրականացնել հերձում` վարակի հետագա և մեծածավալ տարածումը կանխելու նպատակով:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 30-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 482 է, վիրուսից մահացել է 3 անձ, ապաքինվել` 30 քաղաքացի:

Հայերեն English

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին

Մոսկվա այցի ընթացքում ԿՀՎ տնօրենն առաջարկել է անցկացնել Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպում. Axios

Շվեյցարիայի հյուսիսում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել

ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները