Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը գործարարների հետ քննարկել է տնտեսական աջակցության հարցերը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը գործարարների հետ քննարկել է տնտեսական աջակցության հարցերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 30-ին նախարարությունում հանդիպում է ունեցել վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պետության կողմից տրամադրվող աջակցման գործիքների կիրառելիության և հասցեականության հետ կապված հարցերը:

Նախարարը նշել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է որքան հնարավոր է փոքրաթիվ ուժերով համակարգված աշխատանք իրականացնել:

Նախարարը տեղեկացրել է, որ կառավարության կողմից մշակված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների թվում առաջին միջոցառումը արտոնյալ եղանակով վարկային համաֆինանսավորումն է, և խնդրել է տնտեսվարողներին ներկայացնել, թե վերջիններիս խնդիրների որ մասն է այն լուծում, կա՞ն արդյոք բացեր և ի՞նչ առաջարկներ ու նկատառումներ ունեն:

Տիգրան Խաչատրյանը նաև նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է ընկերությունների ներկայացուցիչներից ստանալ կոնկրետ տեղեկություններ` վերջիններիս գործունեության այս փուլի ամենամեծ խնդիրների վերաբերյալ և քննարկել, թե ինչպես պետք է իրականացնել տեղեկությունների պարբերական փոխանակումը, որպեսզի դրանք հաշվի առնվեն հետագա անելիքները հստակ ձևակերպելու համար:

Ընկերությունների ներկայացուցիչները նախարարին տեղեկացրել են իրենց հիմնական խնդիրների մասին, ներկայացրել առաջարկներ: Քննարկվել է լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունը արտադրությունների աշխատանքն անվտանգ կազմակերպելու համար, հստակ ընթացակարգերի մշակումը` հաշվի առնելով վարակման ռիսկի գործոնները և դրանցից բխող անհրաժեշտ գործողությունները:

Գործարարների հետ հանդիպումը կազմակերպվել է ՀՀ վարչապետի հանձնարարականով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում