ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի հանրահայտ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին երգիչը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«Բարոյական պարտքս եմ համարում տեղեկացնել, որ հանձնել եմ կորոնավիրուսի թեստ, որը դրական է եղել: Այժմ և՛ ես, և՛ ընտանիքիս անդամները մեզ լավ ենք զգում:
Բոլորիդ խնդրում եմ հնարավորինս ուշադիր ու զգույշ լինել: Հետևե՛ք հիգիենայի բոլոր կանոններին և հաճախ լվացեք ձեռքերը, որոշակի հեռավորություն պահպանեք մարդկանցից, արեք ամեն հնարավորը, որպեսզի վիրուսը լայն տարածում չգտնի: Նախ և առաջ մնացեք տանը, եթե կարող եք: Միասին մենք ի զորու ենք պայքարել այս վիրուսի դեմ և կանգնեցնել համաշխարհային ճգնաժամը»,-նշել է Դոմինգոն:
Տենորը հույս է հայտնել, որ շուտով վերադառնալ բնականոն կյանքին և ևս մեկ անգամ հորդորել է հետևել վիրուսի դեմ պայքարի բոլոր սկզբունքներին:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 194 է: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։ Կորոնավիրուսի տարածման առաջնակի դեպքերից մեկն արձանագրվել է Էջմիածնում, մյուսը՝ Շենգավիթում՝ արտադրամասում. երկու դեպքում էլ վարակակիրը եկել էր Իտալիայից։