Հասարակական

Կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջոցների օգտագործման ուղղություններն ընդլայնվել են

2 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջոցների օգտագործման ուղղություններն ընդլայնվել են

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՊՐԵՍ։ Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով ստացված միջոցների օգտագործման ուղղություններն ընդլայնվել են։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ, արդեն իսկ հրապարակվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդառաջ գնալով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացվող բազմաթիվ առաջարկություններին՝ ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառելով.

առողջապահական կարիքների համար. բժշկական անձնակազմի խրախուսում, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերում,

բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավում,

սոցիալական կարիքների համար.

բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքներին) մթերքով, անհատական պաշտպանության և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովում, օժանդակող կամավոր խմբերին անհրաժեշտ պարագաներով ապահովում և աշխատանքների կազմակերպում, տրանսպորտային փոխադրումների կազմակերպում»,- գրել է Ավինյանը։

Փոխվարչապետը հավելել է, որ պահպանելով հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքները՝ պարբերաբար հանրությունը կտեղեկացվի ստացված միջոցների ծավալի և դրանց օգտագործման ուղղությունների վերաբերյալ:

«Խնդրում ենք փոխանցում կատարելիս նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» և, ցանկության դեպքում, նաև նշել այն ուղղությունը, որով ցանկանում եք, որ Ձեր միջոցները օգտագործվեն: Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան, գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947»,- հավելել է Ավինյանը։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում