ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայանում աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով, սակայն նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով մի շարք ավիաընկերություններ չեղարկել են որոշ չվերթներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:
«Ryanair» ավիաընկերությունը՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ, «Արմենիա» ավիաընկերությունը ՝Երևան-Լիոն, Երևան-Թել Ավիվ չվերթները չեղարկել են: «Qatar Airways»-ը Դոհա-Երևան, «Բելավիա»-ն՝ Մինսկ-Երևան և «Pegas Fly»-ը Սոչի-Երևան չվերթները նախատեսում են չեղարկել»,-շեշտեց Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ օդանավակայանում այս օրերին հատուկ հսկողություն է իրականացվում:
Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 146 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 15 է: