Հասարակական

Նվազեցնել ֆիզիկական շփումն այլ անձանց հետ, աշխատանքը կատարել առցանց. ԱԺ նախագահի շրջաբերականը

2 րոպեի ընթերցում

Նվազեցնել ֆիզիկական շփումն այլ անձանց հետ, աշխատանքը կատարել առցանց. ԱԺ նախագահի շրջաբերականը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շրջաբերական է ուղղել պատգամավորներին և աշխատակիցներին՝ հորդորելով վերջին երկու շաբաթվա ընթացքում գործուղման մեկնած գործընկերներին հնարավորինս ինքնամեկուսանալ, նվազեցնել այլ անձանց հետ ֆիզիկական հաղորդակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանը շրջաբերականը հրապարակել է իր «Ֆեյսբուք»-ի էջում:

«Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու գործում կարևոր է յուրաքանչյուրիս մասնակցությունը։ Ուստի հորդորում եմ, որ ելնելով հանրային առողջության նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԺ պատգամավորները և աշխատակիցները հնարավորինս նվազեցնեն ֆիզիկական հաղորդակցությունը այլ անձանց հետ և իրենց աշխատանքային պարտականությունները կատարեն առցանց, իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում գործուղման մեկնած կամ որևէ ռիսկային խմբի ներկայացուցչի հետ ֆիզիկական շփումներ ունեցած գործընկերները ժամանակավորապես հնարավորինս ինքնամեկուսանան»,-նշել է Միրզոյանը:

Նա կոչ է արել նաև խստորեն հետևել Առողջապահության նախարարության ցուցումներին, հաճախակի ախտահանել ձեռքերը և ձեռքերով հաճախ հպվող առարկաները, խուսափել դեմքին դիպչելուց, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց։

«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հաշվի առնելով մանկապարտեզներում և դպրոցներում դասապրոցեսի՝ վարակի կանխարգելմամբ պայմանավորված ժամանակավոր ոչ բնականոն ընթացքը, ԱԺ այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր մանկապարտեզ կամ տարրական դպրոց հաճախող երեխա ունեն և իրենք են հոգում այդ երեխայի խնամքը, աշխատանքային օրվա ընթացքում ողջախոհության սահմաններում կարճատև բացակայությունների համար կարգապահական տույժեր չեն կիրառվի»,-ասված է շրջաբերականում:

Հայաստանում այս պահին գրանցված է կորոնավիրուսի հաստատված 6 դեպք: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Եվս 3 դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 11-ին, 2 դեպքի մասին՝ մարտի 12-ին: Մարտի 13-ին կրթական հաստատություններում դասերը դադարեցվել են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում