Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը վաղ է համարում կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը գնահատականներ տալը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը վաղ է համարում կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը գնահատականներ տալը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը դեռ վաղ է համարում կորոնավիրուսի պատճառով տնտեսության վրա ազդեցության վերաբերյալ գնահատականներ տալը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Խաչատրյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Կորոնավիրուսն ազդում է ոչ միայն ռուբլու անկման, նավթի գների, այլև զբոսաշրջության վրա, վստահաբար այդ երևույթն անհետևանք չի լինի: Դեռևս վաղ է գնահատականներ տալ այդ առումով: Կարծում եմ, որոշ ժամանակ անց, երբ լուծված կլինի կարևորագույն խնդիրը և մենք կանխարգելած կլինենք այդ վիրուսի տարածումը և կառավարելու մեխանիզմների հաշվին հասած կլինենք այն հավասարակշռությանը, որը թույլ կտա վստահ լինել, որ վտանգն անցավ, հենց այդ ժամանակ կհաշվարկենք, թե տնտեսության վրա ինչպիսի ազդեցություն է թողել և ինչ քայլեր է պետք ձեռնարկել իրավիճակը մեղմելու համար»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 120 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ:

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, ևս 3 անձ հայտնաբերվել է մարտի 11-ին: Ընդհանուր առմամբ այս պահին 88 քաղաքացի, որոնք շփվել են կորոնավիրուսով վարակվածների հետ, մեկուսացված է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում