ԶՈւ նվագախմբում ցանկանում են նոր կադրեր գտնել. հայտարարվում է դիրիժորների ընդունելություն

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանվագախմբային ծառայությունում ցանկանում են շարքերը նոր կադրերով համալրել. հայտարարվում է զինվորական դիրիժորների ընդունելություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ, գլխավոր զինվորական դիրիժոր, գնդապետ Արմեն Պողոսյանը պատմեց մասնագիտության ընտրության, զինվորական նվագախմբում աշխատելու և այնտեղ դիրիժորների ընդունելության մասին:

Սիրում եմ երաժշտությունը

Սովորել եմ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այնուհետև 1980-1984 թթ. Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում՝ կոնտրաբասի բաժնում: Սիրում էի երաժշտությունն ու բարձրագույն կրթությունս որոշեցի ստանալ հենց այդ մասնագիտությամբ: Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում սովորելուց հետո պատրաստվում էի ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, սակայն դրանից 3 ամիս առաջ տեղեկացա զինվորական դիրիժորի մասնագիտության մասին: 1985 թվականին ընդունվեցի Մոսկվայի կոնսերվատորիայի դիրիժորների ֆակուլտետ, ստացա «Զինվորական նվագախմբերի և անսամբլների կազմակերպում և ղեկավարում» մասնագիտությունը և զինվորական դիրիժորի որակավորում: Մինչ Մոսկվա մեկնելս, մոտ 1 տարի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխատել եմ որպես նվագախմբի արտիստ:

Ընտանիքի առաջին երաժիշտը

Ընտանիքում առաջին երաժիշտը ես եմ: Մայրս և հայրս մասնագիտությամբ ինժեներներ են, եղբայրս էլ մասնագիտությամբ էներգետիկ է, և հպարտ կարող եմ ասել, որ իր ոլորտում լավագույններից է: Ես էլ Մոսկվայում սովորելուց հետո, վերադարձա Հայաստան և 1992 թվականի հունվարից ծառայում եմ ՀՀ զինված ուժերում մինչև այսօր, արդեն գրեթե 30 տարի:

Զինվորական նվագախմբում աշխատելը պատվաբեր է

Դիրիժորի մասնագիտությունը շատ հետաքրքիր է ու պատվաբեր: Այստեղ կարելի է անծայրածիր գործունեություն ծավալել, միջազգային մրցույթների, փառատոնների մասնակցել: ԳՇ զինվորական նվագախումբը ստեղծվել է 1992 թվականի նոյեմբերից և այն ժամանակվանից մինչև այսօր կոչված է դիմավորման, ճանապարհման, ծաղկեպսակներ դնելու արարողության և պետական ու կառավարական միջոցառումների երաժշտական մասն ապահովելու համար:

Դիրիժորի որակավորում ստանալու համար ընդունելություն ենք հայտարարում

Մենք այժմ հայտարարել ենք ընդունելություն 2020-2021 թթ. ուսումնական տարվա Մոսկվայի ռազմական համալսարանի զինվորական դիրիժորների ռազմական ինստիտուտում 5-ամյա ուսուցման դասընթացներին մասնակցելու համար: Ավարտելով այդ դասընթացները՝ կուրսանտները ստանում են լեյտենանտ զինվորական կոչում և փողային նվագախմբի զինվորական դիրիժորի որակավորում: Դիրիժոր դառնալու համար պարտադիր է նախնական երաժշտական կրթությունը:

2004 թվականից մենք պայմանագիր էինք կնքել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ, որի շրջանակում պետական պատվերով, տարեկան 5 դիրիժոր էինք պատրաստում: Այս ծրագիրը հնարավորություն տվեց մեզ բոլոր նվագախմբերը կադրերով լրացնել: 2019 թվականից որոշվեց, որ պետք է ուղարկել սովորելու ռազմաուսումնական հաստատություններ, որպեսզի ստանան լիակատար դիրիժորի ուսում և ավարտելուց հետո պայմանագիրը լինի 20 տարով:

Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը կարող են մասնակցել նախազորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցած կամ անցնող արական սեռի քաղաքացիները և զինծառայողները, ում տարիքը չի գերազանցում 23 տարեկանը: Տեղեկություններ ստանալու համար հայտարարությանը համապատասխանողները կարող են դիմել ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային ծառայություն կամ զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ՝ 1-28:

Հույս ունեմ, որ կկարողանանք գտնել այն կադրերին, որոնք ցանկություն ունեն սովորելու Մոսկվայում, այնուհետև աշխատելու ՀՀ ԶՈւ-ում: Մեր նվագախմբի 60 տոկոսը պայմանագրային, իսկ 40-ը՝ պարտադիր ժամկետային զինծառայողներ են:

Այս տարի ունենք հրավերներ տարբեր երկրներից

Մերգելյան ինստիտուտում այս տարի կայանալու է զենքի և զինամթերքի վերաբերյալ էքսպո, որտեղ մեր նվագախումբը պետք է հանդես գա: Այս տարի ունենք հրավերներ՝ Գերմանիայից և ԱՄՆ-ից, որոնց մասնակցության վերաբերյալ մեզ մոտ դեռևս որոշում չի կայացվել, քանի որ պետք է հստակեցվեն մեր պլանները, հաշվի առնվի նվագախմբի զբաղվածությունը և մի շարք այլ հարցեր: Ղազախստանից նույնպես ունենք հրավեր, որտեղ կմեկնի մեր երգչախումբը: Ռուսաստանի Դաշնության Մոսկվա և Դոնի Ռոստով քաղաքներում Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում երկու զորախումբ է մեկնելու, որոնց կցված է նաև 2 նվագախումբ: Գրեթե ամեն օր պարապմունքներ են անցկացվում՝ հավուր պատշաճի ներկայանալու համար: Մոսկվայում տեղի է ունենալու նաև «Անմահ գունդ»-ի համերգը, որտեղ ելույթ կունենա նաև մեր երգչախումբը:

Զրուցեց՝ Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայերեն Русский

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող