ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Ռազմական համալսարան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը մարտի 10-ին այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Հյուրերին ընդունել է համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՌԴ դեսպանը և ռազմական կցորդը շրջել են ռազմաուսումնական հաստատությունում, ծանոթացել ռազմական համալսարանի ուսումնական ծրագրերին և կրթական պայմաններին:
Համալսարանի դասախոսական կազմի և կուրսանտների հետ հանդիպման ընթացքում Սերգեյ Կոպիրկինը ներկայացրել է ՌԴ արտաքին քաղաքականության ուղենիշները, Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակը, պատասխանել ունկնդիրների հարցերին: