Հասարակական

Գյումրիում «Ո՛չ բռնությանը» կարգախոսով խաղաղ ակցիա անցկացվեց

2 րոպեի ընթերցում

Գյումրիում «Ո՛չ բռնությանը» կարգախոսով խաղաղ ակցիա անցկացվեց

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՄԱՐՏԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների կոալիցիա»-ի նախաձեռնությամբ, մարտի 9-ին, «Ո՛չ բռնությանը» կարգախոսով խաղաղ ակցիա անցկացվեց: Ակցիայի մասնակիցները «Վարդանանց» հրապարակից շարժվեցին Գյումրու Պռոշյան փողոց, դեպի այն տունը, որտեղ մարտի 5-ին դաժան ծեծի հետևանքով մահացել էր 43-ամյա կինը և ծանր վիրավորվել նրա 12-ամյա դուստրը: «Մենք այսօր հավաքվել ենք, որ մերժենք բռնությունը, մերժենք առհասարակ լռությունը հասարակության կողմից: Մեր պարտքն է իրազեկել, որ կանայք մեղավոր չեն, եւ նրանք չպետք է լռեն: Կնասպանությունն այլեւ տեղ չունի այս կյանքում: Մենք պետք է հասնենք այս գաղափարի իրականացմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց «Կանանց իրավունքների տուն» հկ նախագահ Կարինե Դավթյանը: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց հետագա գործողությունները կուղղվեն իրավական հարթակ՝ հարուցված քրեական գործը մեղմ պատիժ է սահմանում 28-ամյա երիտասարդի համար: Ըստ երթի կազմակերպիչների՝ 2020 թվականի հունվարից մինչ օրս Հայաստանում կնասպանության 5 դեպք է արդեն արձանագրվել:

Մարտի 5-ին ժամը 15:40-ին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «տրավմային շոկով, գանգուղեղային փակ վնասվածքով» Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել էին աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով:

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Արդյունքում հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել 28-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվել էր նախաքննությունն իրականացնող մարմնին:

Ծեծի ենթարկված 13-ամյա անչափահասը մարտի 5-ին Գյումրիում վիրահատվել է,այնուհետև տեղափոխվել Երևանի«ՍուրբԱստվածամայր»բժշկականկենտրոն:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում