Մարուքյանը կողմ է ապօրինի գույքի բռնագանձմանը, բայց տեսնում է որոշակի երաշխիքներ ամրագրելու կարիք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կողմ է կառավարության կողմից ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, սակայն կարծում է՝ օրենքով պետք է ամրագրվեն երաշխիքներ, որ այն քաղաքական նպատակներով չի կիրառվի, և որևէ անմեղ մարդ չի տուժի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում փաթեթի քննարկմանը:

«Շատ կարևոր մեխանիզմ է քննարկվում: Մի բան ակնհայտ է, որ անցումային արդարադատության համատեքստում սա մի մեխանիզմ է, որը պետք է կիրառվի, և այն այլընտրանք չունի: Բայց հայտնի սկզբունք կա, որ ավելի լավ է մեկ հանցագործ չպատժվի, քան մեկ անմեղ մարդ պատժվի: Այս առումով ընդդիմության բարձրացրած հարցերը վերաբերում են մեխանիզմներին, այսինքն՝ սույն ընթացակարգերը ներդնելիս այնքան երաշխիքներ պետք է ապահովեն, որ որևէ անմեղ մարդ չտուժի, և այս մեխանիզմը չդառնա քաղաքական որևէ ձևով կիրառելի գործիք»,-ասաց Մարուքյանն ու նշեց՝ այս առումով նախագիծն ունի թերություններ, որոնց վերաբերյալ պատրաստվում են ներկայացնել առաջարկություններ:

Անդրադառնալով նրան, որ նախագծով սահմանվում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետեւության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 25 մլն դրամը, Մարուքյանն ասաց՝ շեմը շատ ցածր է: ԼՀԿ-ի կարծիքով, շեմը պետք է սահմանվի նախագծի նախնական տարբերակում նշված 50 միլիոն դրամը: Նա շեշտեց՝ մյուսն այն երաշխիքներն են, որ պետք է տրվեն քաղաքական իշխանության կողմից: «Այսինքն, երբ մենք նախարարին հարցեր ենք տալիս, և նախարարն ասում է, որ այդ ձևով չի կիրառվի, այդ «ոչ»-ը պետք է օրենքում ամրագրված լինի»,-ասաց նա ու շեշտեց՝ թալանը պետք է վերադարձվի, դրանում երկու կարծիք չկա և չի կարող լինել:

Մարուքյանը նկատեց, որ Հայաստանում պետական գույքեր են սեփականաշնորհվել և դրանք առաջնահերթ ուսումնասիրության առարկա պետք է դառնան: Էդմոն Մարուքյանը անդրադարձավ հայտնի հաջողակ գործարարներին, որոնք, Մարուքյանի գործով, դարձել են Հայաստանի հաջողակ գործարարներ՝ նախորդ իշխանության հետ և նոր իշխանության օրոք էլ շարունակում են լինել հաջողակ գործարարներ: «Այդ մարդկանց կենսագործունեությունը նայում ես տեսնում, որ փոխկապակցվածություն կա շատ բարձրաստիճան անձի հետ: Ստացվում է, որ այդ բարձրաստիճան պաշտոնատար անձը թալանել է, տվել է հաջողակ հարազատին, որն էլ դարձել է հաջողակ գործարար, և այսօր էլ հաջողակ գործարար է»,-ասաց նա ու շեշտեց՝ այդ հանգամանքը պետք է ուսումնասիրվի:

Հայերեն

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը