Իրանում ՀՀ դեսպանը հորդորել է խուճապ չտարածել կորոնավիրուսի հետ կապված

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հորդորել է խուճապ չտարածել կորոնավիրուսի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թումանյանն ասել է «Ալիք» օրաթերթին տված հարցազրույցում:

«Թեև ստեղծված վիճակը չափազանց անհանգստացնող է, սակայն և´ պետական մարմինների, և´ քաղաքացիների հետ հարաբերություններում առկա է ՀՀ դեսպանության հետ համագործակցության մեծ պատրաստակամություն: Իհարկե, կան նաև խոչընդոտներ: Որպես խանգարող գործոն՝ կարող եմ նշել հասարակության մեջ տարածվող տարատեսակ լուրերը հիվանդության տարածման մասշտաբների մասին, մի բան, որ համոզված եմ ավելի շատ կապված է ապատեղեկատվության և երբեմն էլ ասեկոսեների հետ: Իմ կարծիքով այսպիսի դեպքերում ամենավնասակար ազդեցությունը կարող է ունենալ խուճապը, որը պետք է հիմնովին բացառել: Ի դեպ, տեղին է նշել, որ այս պայմաններում ՀՀ պետական մարմիններն առաջին հերթին իրենց աշխատանքի հիմքում դնում են ԻԻՀ-ից ստացվող պաշտոնական տեղեկատվությունը ու միաժամանակ համագործակցում միջազգային համապատասխան կառույցների հետ»,- ասել է դեսպանը:

Դեսպանն անդրադարձել է նաև կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ Հայաստանի և Իրանի միջև իրականացվող քայլերին:

«Հայաստանում անհանգստացած են բարեկամ երկրում ստեղծված վիճակով և բոլորիս ցանկությունն է օր առաջ տեսնել այս համաճարակի հաղթահարումը, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ առողջ և երջանիկ: Կորոնավիրուսի տարածման վտանգը կանխարգելելու և այդ ուղղությամբ մեր բարեկամ Իրանի հետ փոխգործակցության համակարգման նպատակով ժամանակավոր՝ երկշաբաթյա սահմանափակումներ են մտցվել Հայաստան-Իրան օդային և ցամաքային սահմանով հաղորդակցության վրա: Համաձայն կառավարության որոշման՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները և Հայաստանում գտնվող ԻԻՀ քաղաքացիներն անարգել կերպով կարող են վերադառնալ իրենց երկրներ: ՀՀ քաղաքացիներին Իրանից Հայաստան փոխադրելու համար առաջիկայում կիրականացվի թռիչք, իսկ ցամաքային սահմանով շարունակվում է ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան, ինչպես նաև ԻԻՀ քաղաքացիների վերադարձը Իրան»,- նշել է Թումանյանը:

Դիվանագետը հավելել է, որ Իրանից Հայաստան ավտոտրանսպորտային բեռնափոխադրումներն իրականացվում են համապատասխան սանիտարական վերահսկողության պայմաններում: Հաղորդակցության սահմանափակումները չեն վերաբերում ՀՀ և ԻԻՀ պաշտոնական պատվիրակություններին, դիվանագետներին և նրանց ընտանիքի անդամներին:

Փետրվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան:

Հայերեն English

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա