Կարեն Աբրահամյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում պաշտպանության բանակի ձեռքբերումները

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կարեն Աբրահամյանը բանակի անձնակազմին ուղղված խոսք է հղել, որում ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում պաշտպանության բանակի ձեռքբերումները: «Արմենպրես»-ը ներկայացնում է Կարեն Աբրահամյանի խոսքը, որը տրամադրել են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Հարգելի զինակիցներ.

Այսօր ես թողնում եմ Արցախի Հանրապետության զինված ուժերի հրամանատարի պաշտոնը: Բանակային դժվարին ու պատասխանատու մեր համատեղ ծառայության ընթացքում մենք ունեցել ենք ինչպես անշրջելի հաջողություններ, այնպես էլ որոշ թերացումներ:

Ձեռքբերումների առումով անցած 2019 թվականը, իրոք, բեկումնային տարի էր Պաշտպանության բանակի համար: Ակնհայտ հաջողություններ ունեցանք գրեթե բոլոր ոլորտներում: Շարունակելով նախորդ տարիներին արձանագրված դրական զարգացումները՝ մենք կարողացանք որակական նոր մակարդակի հասցնել մարտական հերթապահության կրման գործընթացը, առաջնագիծը համալրվեց արդի պահանջներին համահունչ տեսադիտարկման համակարգերով, ինչի արդյունքում բարձրացվել է տեխնիկական միջոցներով հագեցվածության աստիճանը, որը թույլ է տվել իջեցնել մարտական ծառայության կրման ծանրաբեռնվածությունը: Բացի այդ կապի կատարելագործման շրջանակներում զարգացվել են նաև տեսադիտարկման համակարգի կառավարման տարրերը: Կիրառման ընդունելով նոր տիպի ավելի պաշտպանված ու հարմարավետ ամրաշինական կառույցներ՝ բարձրացվել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգությունն ու կենսունակության աստիճանը: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց զորքերի մարտական ու զորահավաքային պատրաստականության, զորքերի կառավարման և մարտական գործողությունների համակողմանի ապահովման կազմակերպման, անցկացված զորավարժություններում և օպերատիվ-մարտավարական նշանակության տարաբնույթ միջոցառումներում ժամանակակից մարտի վարման նոր ձևերի ու մտահղացումների ներդրման վրա: Այս ամենին զուգահեռ նշանակալի առաջընթաց ունեցանք զորքերի և զորատեսակների մարտական, տեխնիկական և թիկունքային ապահովման ոլորտներում: Մասնավորապես՝ բանակը համալրվեց սպառազինության նոր նմուշներով ու արդիական տեխնիկական միջոցներով, ինչի արդյունքում մի քանի աստիճանով բարձրացվել է բանակի մարտական հզորությունը: Բարելավվեցին մարտական հերթապահություն կրող ու զորամասերի մշտական տեղակայման վայրերում գտնվող անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանները, մեծածավալ աշխատանք իրականացվեց զինծառայողների, զինվորական թոշակառուների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ:

Ավարտելով խոսքս՝ ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում պաշտպանության բանակի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչև գեներալ, համատեղ ծառայության համար և, միաժամանակ, համոզմունք հայտնում, որ Արցախի զինված ուժերն, ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատվով կկատարեն Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունը»:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի փետրվարի 24-ի հրամանագրով Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից: Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար է նշանակվել Ջալալ Հարությունյանը:

Հայերեն

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում

Գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է Մադրիդի մայրուղին

Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը

Հայաստանի դպրոցական սնունդ ծրագրի հաջողված փորձը ներկայացվում է COP17-ում

Եգիպտոսը որոշել է աջակցություն տրամադրել Սաուդյան Արաբիային հութիների դեմ պայքարում