ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, Բուքինգհեմյան պալատում իրենց պարտականությունները կդադարեն կատարել ապրիլի 1-ից: Այդ մասին փետրվարի 19-ին հայտնել Է The Daily Mail բրիտանական հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թերթի տվյալներով՝ թագավորական ընտանիքից զույգի պաշտոնական դուրս գալը կկայանա մարտի 31-ին: Բուքինգհեմյան պալատում նրանց սպասարկողները կդադարեն լիազորությունները կատարել ապրիլի 1-ին:
Մինչ այդ Սասեքսի դուքսը եւ դքսուհին կայցելեն մի շարք միջոցառումներ: Ավելի վաղ հաղորդվել Է, որ արքայազնը եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, պայմանավորվածության են հասել թագավորական ընտանիքի հետ եւ այլեւս չեն կատարելու թագավորական պարտականությունները եւ զրկվում են «թագավորական մեծություն» տիտղոսներից:
Ամուսինները կվերադարձնեն 2,4 մլն ֆունտ ստեռլինգը (3,1 մլն դոլար), որը բրիտանացի հարկատուների միջոցներից ծախսվել Էր նրանց առանձնատան վերանորոգման համար, եւ կհրաժարվեն հետագայում պետությունների ֆինանսական աջակցությունից:
Այս երեւույթը ԶԼՄ-ներում, Brexit-ի օրինակով, անվանել են Megxit, ինչը բառացիորեն նշանակում Է Մեգանի դուրս գալը թագավորական ընտանիքից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: