Հասարակական

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարին եւ ներկայացուցիչներին

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարին եւ ներկայացուցիչներին

ԳԱՎԱՌ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին եւ տեսչական մարմնից մարզ գործուղված աշխատակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարը մարզպետին տեղեկացրել է, որ 2020 թվականին, ըստ ժամանակացույցի, նախատեսված է պլանային տեսչական ստուգումներ իրականացնել մարզպետարանի ենթակայությամբ գործող Ծովազարդի, Վանեւանի, Դդմաշենի, Գանձակի թիվ 2, Սարուխանի թիվ 2, Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցներում եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Սևանի ավագ դպրոցում:

Նշված կրթօջախներում ստուգվելու են կրթության ոլորտի իրավական ակտերը, իսկ դպրոցականների գիտելիքները ստուգելու նպատակով նրանց գրավոր աշխատանք է տրվելու հայոց լեզու, մաթեմատիկա եւ ինֆորմատիկա առարկաներից: Աշխատանքները մարզում ավելի արդյունավետ իրականացնելու եւ պլանային ստուգումների ընթացակարգին ծանոթացնելու համար կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները նույն օրը հանդիպում կունենան նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության ներկայացուցիչների եւ մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:

«Դպրոցների տնօրենների հետ մեր հանդիպումը կանխարգելիչ միջոցառում կարելի է համարել: Այդ հանդիպմամբ մենք կհորդորենք, որպեսզի դպրոցներում նրանք ինքնաստուգմամբ զբաղվեն, հասկանան ոլորտում առկա խնդիրները եւ օր առաջ դրանց լուծում գտնեն, որպեսզի ստուգումների ժամանակ դրանք բացառվեն: Տեղեկացնեմ նաեւ, որ 2019 թվականին մեր տեսչական մարմնին հասցեագրված 134 դիմում-բողոքներից ընդամենը երեքն են Գեղարքունիքի մարզից եղել, ինչը նշանակում է, որ Գեղարքունիքի մարզային ենթակայության կրթական հաստատություններում խնդիրները լուծվում են տեղում, մարզպետարանի հետեւողականության շնորհիվ»,- նշել է Ալեքսանդր Շագաֆյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր եւ լուծում ենթադրող խնդիրներ: Մարզպետ Գնել Սանոսյանն առաջարկել է՝ համատեղ մոտեցում ցուցաբերել նման խնդիրների կարգավորմանը: «Կրթության ոլորտում բավականաչափ անելիքներ կան եւ, բնականաբար, նաեւ՝ խնդիրներ: Մենք պատրաստ ենք մեր լիազորությունների շրջանակներում համագործակցել եւ ընդառաջել ձեր տեսչությանը ցանկացած հարցում, եթե այն կբերի հանրակրթության ոլորտում ծագած խնդիրների կարգավորմանը: Այսօր մենք բացահայտում ենք որոշ դպրոցների տնօրենների կողմից թույլ տրված մի շարք ֆինանսական խնդիրներ, որոնք հաճախ խլում են մեր կողմից կրթությանը հատկացվելիք ժամանակը: Մենք պետք է աշխատենք խնդիրներին լուծում գտնել համատեղ ուժերով եւ թույլ չտալ, որ որեւէ օրինազանց կամ իր մասնագիտությանը չտիրապետող անձ պաշտոն զբաղեցնի կրթության համակարգում»,- նշել է մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում