Արցախ

Երիտասարդ սկսնակ գործարարների գաղափարներն աննկատ չեն մնում

2 րոպեի ընթերցում

Երիտասարդ սկսնակ գործարարների գաղափարներն աննկատ չեն մնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 19-ին հանդիպել է «Արցախի երիտֆորում 2019»-ի գործարար լավագույն ծրագրերի մրցույթում հաղթող ճանաչված երիտասարդների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական նախարարը, ինչպես և խոստացել է, ձեռնարկատիրության ոլորտում առաջին քայլերն իրականացնող երիտասարդներին որպես մեկնարկային կապիտալ արժանացրել է դրամական պարգևի՝ 300 000 դրամի չափով: Շուշիի, Մարտակերտի և Մարտունու շրջանների սկսնակ գործարարների ծրագրերը վերաբերում էին մանկական տեքստիլ, ջերմոցային տնտեսություն և բետոնե գունավոր սալերի և ծաղկամանների արտադրություն հիմնելուն: Երիտասարդները ներկայացրել են իրենց ծրագրերն՝ ընդգծելով նման միջոցառումների կարևորությունը: Իր հերթին Գրիգորի Մարտիրոսյանը վստահեցրել է, որ երիտասարդների շրջանում գործարարության զարգացման ու նոր գաղափարներ իրագործելու նախաձեռնությունները շարունակական են լինելու և պետությունը շարունակելու է աջակցել երիտասարդ ձեռներեցներին սեփական բիզնեսի ստեղծման ու ընդլայնման գործում:

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 2-ին Մարտակերտի շրջանի Վանքի համայնքում հանդիպում է ունեցել «Արցախի Երիտֆորում-2019» ամենամյա ծրագրի մասնակիցների հետ: Գրիգորի Մարտիրոսյանն Արցախի համայնքներում երիտասարդների աշխատանքային հնարավորություններն ընդլայնելու, ձեռնարկությունների ստեղծմանը խթանելու նպատակով երիտֆորումի մասնակիցների շրջանում հայտարարել էր գործարար ծրագրերի մրցույթ՝ հաջողված 3 ծրագրերի համար 300 հազար դրամ մեկնարկային կապիտալով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում