Սպանդանոցի կառուցման ավելի քան 270 հայտ. պետությունն ինչ լրացումներ է արել աջակցության ծրագրերում

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդի անվտանգության տեսչական մարմինը հունվարի 15-ից ի վեր 10 մարզերից ստացել է սպանդանոց կառուցելու 272 հայտ: Պետությունը խոստացվածի համաձայն հստակեցնում է աջակցության ծրագրերը. օրինակ գործող ծրագրում ներառվել է նաև սպանդանոցային տնտեսության համար միս տեղափոխող մեքենաների ձեռքբերման վարկի տոկոսների սուբսիդավորումը: «Արմենպրես»-ն այդ թեմայով զրուցել է պատկան մարմինների հետ:

«2020-ի հունվարի 15-ից ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ստացել է 272 հայտ՝ սպանդանոցներ կառուցելու վերաբերյալ, մասնավորապես՝ Արմավիրից՝ 37, Արագածոտնից՝ 47, Արարատից՝ 50, Կոտայքից՝ 20, Լոռիից՝ 35, Շիրակից՝ 40, Գեղարքունիքից՝ 16, Տավուշից՝ 8, Վայոց Ձորից՝ 5, Սյունիքից՝ 14 հայտ: Բոլոր հայտ ներկայացնողներին տրամադրվել են սպանդանոցի կառուցմանը, շահագործմանը, ինչպես նաև տարածքին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները: Հայտ ներկայացնողները որոշում են կայացնում սպանդանոց կառուցելու միայն նշված պահանջներն ուսումնասիրելուց հետո»,-տեղեկացրեցին տեսչական մարմնից:

Այն անձիք, ովքեր սկսում են շինարարական աշխատանքները, ՍԱՏՄ-ի մարզային կենտրոնի աշխատակիցների կողմից ստանում են խորհրդատվություն:

ՀՀ կառավարությունը, մինչև հուլիսի 1-ը հետաձգելով պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ իր որոշման կատարման նկատմամբ խիստ վերահսկողության իրականացումը, խոստացել էր դիտարկել սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի` այդ թվում տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց՝ գործող ծրագրերը թույլ են տալիս ֆինանսական աջակցություն ցուցաբերել, կա ընդամենը հստակեցման կարիք: Նա նշեց՝ բյուջեով արդեն հաստատված են տոկոսների սուբսիդավորման համար բավարար չափով գումարներ: Եվ եթե մեկը որոշի սպանդանոց կառուցել վարկավորվելով, ապա կառավարությունը կսուբսիդավորի այդ ծրագրի ֆինանսավորման դիմաց հաշվարկվող տոկոսները: Նախարարը հիշեցրեց, որ վերջերս կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ կատարվել է լրացում: Դրա նպատակն այն է, որ սարքավորումների լիզինգը սպանդանոց կառուցողների համար դառնա ավելի հասանելի: Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրով գործընկեր բանկերը վարկավորումն իրականացնում են 11 տոկոսով, որից 7 տոկոսային կետը սուբսիդավորում է կառավարությունը, 4 տոկոսային կետը մնում է լիզինգառու կազմակերպության համար որպես տոկոսային ծախս: Վարկը տրամադրվում է 8 տարի ժամկետով: «Եվ մենք կարծում ենք, որ սա շատ նպաստավոր ֆինանսական գործիք է։ Ընդ որում, այս գործիքով ոչ միայն սարքավորումների ձեռքբերումն է ֆինանսավորման ենթակա: Եթե օրինակ եռակողմ պայմանավորվածությամբ լիզինգատուն՝ այսինքն վարկային կազմակերպությունը, կառուցող կազմակերպությունը, լիզինգառու կազմակերպությունը համատեղ մեկ նախագծով նկարագրեն և հողի վրա թեթև կոնստրուկցիաներով կառուցումը, և սարքավորումներով կահավորումը, ապա այդ ամբողջը միասին կարող է դառնալ նույն ֆինանսական աջակցության առարկա: Նույն ծրագրում կատարեցինք լրացում՝ միս տեղափոխելու համար նախատեսված մեքենաների ֆինանսավորման մասով: Եթե այդ մեքենաները լիզինգով ձեռք բերվեն, ապա նույն կերպ տոկոսները կառավարության կողմից կֆինանսավորվեն: Մեքենաները կարող են լինել սառնարանային կամ ավելի պարզ, սակայն նվազագույն պահանջներին համապատասխանող»,-ասաց նախարարը:

Գյուղատնտեսության աջակցության ծրագրով շենքի կառուցման համար պետությունը կատարում է վարկի տոկոսի սուբսիդավորում: 3-15 մլն դրամ արժեքով վարկերի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը, 5 տոկոսը՝ քաղաքացին: Աջակցության երրորդ գործիքը նախատեսված է տրանսպորտային միջոցների ֆինանսավորման համար: Ընդ որում, տրանսպորտային միջոցները կարող են նախատեսված լինել կամ կենդանի կամ միս տեղափոխելու համար: «Այս դեպքում տոկոսի մնացորդը 2 տոկոս է, այսինքն՝ սա ավելի արտոնյալ ֆինանսավորում է, քան վերը նշվածը»,-նկատեց նախարարը:

Խաչատրյանի կարծիքով՝ տնտեսավարողների համար ֆինանսական խոչընդոտներ գործնականում չեն լինելու: Նա նաև տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարությամբ կատարում են ևս մեկ ուրիշ կարևոր աշխատանք։ Այդ աշխատանքի նպատակն է պարզեցնել ընթացակարգերը, որ երբ որևէ մեկն առաջին անգամ առնչվի պետական կառույցների հետ, դժվարությունների, խոչընդոտների չառնչվի: «Մենք խորհրդակցություն անցկացրեցին բոլոր մասնակից կազմակերպությունների՝ Սննդի անվտանգության տեսչական մարմնի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ միասին: Երեք շաբաթ ժամանակում պարզեցումները պետք է նախագծվեն»,-ասաց նա ու հավելեց՝ ընթացակարգերը պարզեցնելու ուղղությամբ առաջարկները կհավաքեն մեկ նախագծի մեջ և կներկայացվեն կառավարությանը:

Նախարարը նաև վստահեցրեց, որ սահմանափակումներ չեն անի, բոլոր նրանք, որոնք կբավարարեն նվազագույն պահանջներին՝ առաջին հերթին սննդի անվտանգությանն առնչվող սանիտարահիգիենիկ պահանջներին, կդիմեն և կստանան աջակցություն:

Սպանդանոցների համար սահմանված են մի շարք պահանջներ, օրինակ` դրանք կառուցվում են բնակելի վայրերից, ֆերմաներից, արոտավայրերից, հասարակական վայրերից, բժշկական հաստատություններից առնվազն 300 մ հեռավորության վրա, սպանդանոցը կարող է լինել առանձին շինության, շինությունների համալիրի տեսքով կամ կենդանական ծագման մթերք արտադրող, վերամշակող կազմակերպությունների կազմում: Սպանդանոցը պետք է ունենա անասնաբուժասանիտարական փորձաքննության անցկացման համար նախատեսված աշխատատեղ և հագեցած լինի համապատասխան լաբորատոր սարքավորումներով:

2020 թվականին հունվարի 15-ից մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն էր սահմանվել, արգելվել էր բակային մորթը: Սա սակայն հարուցել էր որոշ անասնապահների և մսավաճառների դժգոհությունը, նրանք ակցիաներ էին իրականացնում՝ չցանկանալով մորթն իրականացնել սպանդանոցներում: Նրանք մատնանշում են որոշ խնդիրներ, այդ թվում՝ կենդանիներ տեղափոխելն ու սպանդանոցների քիչ լինելը: Այս բողոքներին արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ բողոքող քաղաքացիների համար առաջարկ էր արել: Նա մասնավորապես հայտնել էր, որ գործադիրը մտադիր է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ իր որոշման կատարման նկատմամբ խիստ վերահսկողության իրականացումը` բացառությամբ Երևանի սուպերմարկետների և հանրային սննդի վարերի: Վարչապետը նաև նշել էր, որ մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի` այդ թվում տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ: Բացի դրանից, կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և կփորձենք առավել հասցեական ֆինանսավորել այն նախագծերը, որոնք այն սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում