Տնտեսություն

ՎԶԵԲ-ը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ՎԶԵԲ-ը  կմասնակցի Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ տարվա աշնանը Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի կազմակերպմանն ուղղված մի շարք հարցեր։

Դիմիտրի Գվինդաձեն պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետաքրքրությունների շրջանակներում գտնվող արտադրության, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, ծառայությունների մատուցման, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտների մասով, տրամադրել ծրագրային և ոլորտային գաղափարներ։

Նա տեղեկացրել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը բարձր մակարդակով կապահովի իր մասնակցությունը Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովին։

Կողմերը կարևորել են ներդրումային համաժողովի նախապատրաստման ընթացքում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև հետագա և պարբերական հանդիպում-քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում