Քաղաքականություն

ՀՀ-ն աշխատում է Իրաքում դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնման ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ն աշխատում է Իրաքում դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ իր իրաքցի գործընկերոջ՝ Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Զոհրաբ Մնացականյանը և Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմը գոհունակությամբ ընդգծեցին, որ պատմական բարեկամության ամուր կապերի վրա հիմնված հայ-իրաքյան հարաբերություններն աչքի են ընկնում ծավալվող դինամիկայով: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնման ուղղությամբ, որն իր նպաստը կբերի երկկողմ օրակարգի առավել հարստացմանը:

Զրուցակիցները կարևորեցին բազմաոլորտ համագործակցության առավել խթանումը՝ այդ թվում առևտրատնտեսական և գործարար կապերի ամրապնդման միջոցով: Այս առնչությամբ փոխադարձաբար արժևորվեց հայ համայնքի ունեցած առանձնահատուկ դերակատարությունն Իրաքի հասարակական-քաղաքական կյանքում և երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում:

Հայաստանի և Իրաքի ԱԳՆ ղեկավարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և կարևորում է լարված իրադրությունների լիցքաթափումը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում