Հասարակական

Սրբուհի Գալյանի մասնակցությամբ կայացել է «Հակակոռուպցիոն  կոմիտեի մասին» օրենքի նախագծի քննարկում

3 րոպեի ընթերցում

Սրբուհի Գալյանի մասնակցությամբ կայացել է «Հակակոռուպցիոն  կոմիտեի մասին» օրենքի նախագծի քննարկում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ փետրվարի 12-ին տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման և Հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019 թվականին կատարված աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփման աշխատաժողով:

Այն կազմակերպվել էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

բացման խոսքում փոխնախարար Գայլանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին քննարկմանը ներկա գտնվելու և հակակոռուպցիոն քաղաքականության մշակման գործընթացին շարունակական հետաքրքրություն ցուցաբերելու համար՝ հատկապես ընդգծելով գործընկեր հասարակական կազմակերպությունների ընդդիմախոսական կեցվածքի կարևորությունը՝ որպես քաղաքականություն մշակող մարմնի զգոնության խթան: Անդրադառնալով կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող մարմնի ստեղծման գործընթացին՝ Սրբուհի Գալյանը կարևորել է, որ ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերն ընդունվեն հնարավորին մասնակցային և ներառական գործընթացի արդյունքում՝ այդպիսով ապահովելով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության նկատմամբ հանրային լայն վստահություն:

Աշխատաժողովի ընթացքում փոխնախարար Գալյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծով սահմանված իրավակարգավորումները: Մասնավորապես՝ անդրադարձել է Կոմիտեի ձևավորմանը, նախագահի ընտրության մեխանիզմին, գործունեությանը, աշխատակիցների սոցիալական երաշխիքներին, Կոմիտեի հաշվետվողականությանը ԱԺ-ին, Կոմիտեի ծառայողների ընտրության բարեվարքության ստուգման մեխանիզմներին, ինչպես նաև օրենքի նախագծի անցումային դրույթներով սահմանված այլ կարգավորումներին:

Այնուհետև, հաջորդել է մասնակիցների և փոխնախարարի միջև հարցուպատասխանը:

Աշխատաժողովի հաջորդ փուլում Արդարադատության նախարարության աշխատակազմի Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը մասնակիցներին ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019 թվականին կատարած աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում