Հայ-հորդանանյան հարաբերություններում նոր էջ է բացվում
5 րոպեի ընթերցում
![Հայ-հորդանանյան հարաբերություններում նոր էջ է բացվում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1004522.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա պաշտոնական այցով Երևանում է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը: Սա նրա առաջին այցն է Հայաստան, որի շրջանակներում հանդիպումներ կայացան ՀՀ վարչապետի և նախագահի հետ: Այցն իսկապես պատմական էր՝ հաշվի առնելով երկու երկրների միջև առկա ավանդական ջերմ հարաբերությունները: Հորդանանի հետ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում հարաբերությունների խորացումն այսօր, առավել քան երբևէ, օրակարգային խնդիր է:
Մերձավորարևելյան տարածաշրջանում խորացող հակամարտությունների և անկայունության համատեքստում Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում Հորդանանի Հաշիմյան Թագավորության հետ հարաբերություններն ամրապնդելու համար: Համատարած ճգնաժամերի պայմաններում համեմատաբար կայուն և ազդեցիկ Հորդանանի հետ համագործակցության խորացումն առաջնային կարևորություն ունի ինչպես տարածաշրջանում ՀՀ և հայ համայնքի շահերի պաշտպանության, այնպես էլ ՀՀ մերձավորարևելյան քաղաքականության առաջմղման տեսանկյունից: Ընդ որում, ուշադրության կենտրոնում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և ռազմական հարաբերությունները:
Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը դիտարկում է Մերձավոր Արևելքը որպես ռազմավարական գործընկերության ուղղություն: Կողմերը երկկողմ շահագրգռվածություն հայտնեցին զարգացնելու առևտրատնտեսական կապերը և խորացնելու համագործակցությունը զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: ՀՀ կառավարության ղեկավարը հավելեց, որ Հայաստանը կարող է լավ հարթակ դառնալ հորդանանցի գործարարների համար՝ Եվրասիական տնտեսական միության շուկա արտոնյալ պայմաններով մուտք գործելու համար: Երկկողմ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու համատեքստում կողմերը կարևորեցին նաև վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը:
Փաստենք, որ Հորդանանի հետ բազմակողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են դեռևս նախորդ տարվանից: 2019 թվականի դեկտեմբերին Հորդանանի արտգործնախարարի՝ Երևան կատարած այցի շրջանակներում հստակ ամրագրվեց հայ-հորդանանյան հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխելու երկկողմ պատրաստակամությունը:
Պետք է նշել, որ տնտեսական հարաբերությունները մինչ այժմ էականորեն զիջել են ջերմ քաղաքական հարաբերություններին: Եվ այս ոլորտում առկա բացը լրացնելու անհրաժեշտություն է նկատվում: Տնտեսական ոլորտում հարաբերությունների աշխուժացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցավ փետրվարի 10-ին Երևանում կայացած Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը և կնքված փոխըմբռնման հուշագիրը, ինչը համապատասխան հարթակներ է ստեղծում հետագա համագործակցության համար:
Ավելի վաղ՝ հունվարի 29-ին, Հորդանանի արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում քննարկվել էր երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացումը` հիմնված երկկողմ հետաքրքրությունների վրա: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև Հորդանանի արդյունաբերության, առևտրի և մատակարարումների և ՀՀ էկոնոմիկայի նախարարություններում ձևավորելու աշխատանքային խմբեր, որոնք հետամուտ կլինեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։
Հատկանշական է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում նաև ռազմական ոլորտում Հորդանանի հետ հարաբերությունները խորացնելու համար: 2019 թվականի հոկտեմբերին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը Հորդանան կատարած այցի շրջանակներում իր հորդանանցի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Բացի այդ, բավական արդյունավետ կարող է լինել նաև Հայաստան-Հորդանան միջխորհրդարանական համագործակցությունը, ինչը կարող է նպաստել տարբեր հարթակներում միմյանց շահերի պաշտպանությանն ու առավել սերտ համագործակցության հաստատմանը: Երկու երկրների խորհրդարաններն ունեն բարեկամական խմբեր, և 2019 թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի նախագահը Հորդանանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է ՀՀ Ազգային ժողովի հրավերը հորդանանցի պատգամավորներին՝ այցելելու Հայաստան:
Վստահաբար կարելի է պնդել, որ հայ-հորդանանյան հարաբերություններում նոր էջ է բացվում: Երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների զարգացումն իրապես մեծ ներուժ ունի, և հետևողական աշխատանքի պարագայում հաջողելու հնարավորությունն իսկապես մեծ է:
Արփինե Հովսեփյան