ԼՀԿ-ն ցանկանում է հանրաքվեի որոշումը ՍԴ-ում վիճարկել, սակայն բավարար թվով ստորագրություններ չունի

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստ է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե անցկացնելու որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկել, սակայն դրա համար պատգամավորների բավարար թվով ստորագրություններ չունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս մասին ասաց խմբակցության ասուլիսում:

«Մեծ հանրային ակնկալիք կա` հասկանալու համար, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմում է ՍԴ, թե ոչ: Եվ մենք անդադար ասում ենք, որ պատրաստ ենք դիմել ՍԴ, ըստ էության դիմումի կմախքը հրապարակել ենք, թե ինչ խախտումներ են արվել: Ես և Տարոն Սիմոնյանը պատրաստ էինք այդ դիմումը դատարանում ներկայացնել: Բայց համապատասխան թվով ստորագրություններ ԼՀԿ-ն չունի, հետևաբար այդ հարցը կարծում եմ փակված է:

Նա նշեց` իրենց ունեցած գործիքակազմը ծայրից ծայր օգտագործել են և պատրաստ են դեռ ՍԴ դիմելու, եթե ստորագրություններ լինեն:

Մարուքյանը շեշտեց` իրենք միշտ ասել են, որ Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի կողմից ձևավորված Սահմանադրությունը պետք է փոխվի, և Հայաստանը պետք է ունենա ժողովրդավարական սահմանադրություն: Մարուքյանը նշեց` իրենք տարբեր օրենքներ են բերել, որ այդ համակարգը փոխեն, սակայն բոլորը մերժել են: «Ասել են, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովով կանենք, հանրաքվեով կանենք: Հանձնաժողովը ստեղծվել է, այսօր ժողովրդին հանրաքվեի ենք ուղարկում մեկ հոդված փոխելու համար»,-ասաց նա ու կարծիք հայտնեց, թե իշխանությունը համակերպվել է նախկինից ժառանգած համակարգի հետ և համաձայն չէ միայն Հրայր Թովմասյանի ՍԴ անդամ լինելուն:

Մարուքյանի կարծիքով` Թովմասյանը հեղափոխությունից հետո պետք է հրաժարական տար: «Այդ բարոյական հարթության վրա հեղինակել է սահմանադրությունը` այդքան խնդիրներով, և ամբողջ իշխանական թիմը հեռանում է, և ինքը մնում է, ապա` անիմաստ: Սա բարոյական տիրույթում է»,-ասաց Մարուքյանն ու նկատեց, սակայն, որ իրավական առումով խոցելի տեղեր չկան, դար համար էլ իշխանությունը ցանկանում է Սահմանադրության հոդված փոխել:

ԼՀԿ-ն համարում է, որ հանրաքվեն ամբողջությամբ ապօրինի ու հակասահմանադրական է: Մարուքյանը նշեց, որ իրենց ոչ «այո»-ի, և ոչ էլ «ոչ»-ի ճամբարում չեն տեսնում: Նրա կարծիքով` եթե ինչ-որ մարդիկ «ոչ»-ի քարոզչություն անեն, ապա իշխանությունը մեղադրելու է նրանց այն բանում, թե Սերժ Սարգսյանին են պաշտպանում: «Բայց եթե չի լինում «ոչ»-ի ճամբար, թող միայն «այո»-ն քարոզեն, ժողովուրդն էլ կորոշի: «Ոչ»-ի որևէ ճակատ գեներացնելը նշանակում է իշխանությանը շանս տալ: Եվ, հետևաբար, մենք որևէ ճամբարում մեզ չենք տեսնում, մեր ունեցած գործիքակազմը ծայրից ծայր օգտագործել ենք և պատրաստ ենք դեռ ՍԴ դիմելու, եթե լինեն ստորագրություններ»,-ասաց Մարուքյանն ու կոչ արեց մյուս ուժերին չմտնել ատելության պատերազմի մեջ, թողնել, որ «այո»-ի ճամբարն իր «այո»-ն քարոզի, որպեսզի իշխանության կողմից իրենց դեմ ուղղված կոչեր չլինեն:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի և ևս 6 անդամի պաշտոնավարումը: «Իմ քայլը», սակայն, առաջին ընթերցմամբ քննարկմանը իր ներկայացրած նախագծին դեմ քվեարկեց` առաջարկելով այս հարցով անցկացնել հանրաքվե: Հանրաքվե անցկացնելու որոշումն ԱԺ նիստում ընդունվել էր «Իմ քայլը» խմբակցության անդամների կողմ ձայներով:

Հայերեն Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ