Տեղական հանրաքվեն կլինի կարևոր գործիք համայնքների խոշորացման գործում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը վերսկսվում է: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ գործընթացը դադարել էր հիմնավոր պատճառներից ելնելով:

«Հեղափոխությունից հետո իշխանությունն ուսումնասիրեց գործընթացը, վերհանեց հարցերը: Բավարար չհամարեց հարցի վերաբերյալ ժողովրդի կարծիքն իմանալու գործընթացը և որոշեց նոր գործիքակազմ ներդնել, որպեսզի հստակ ու պարզ լինի, թե բնակիչներն ինչ են ուզում, բնակչության ձայնը լսելի լինի: Մշակվեցին օրենսդրական նախաձեռնություններ, արդյունքում՝ բնակիչներին հնարավորություն է ընձեռվում նախաձեռնել տեղական հանրաքվե, եթե դրա կարիքը կա, և սեփական կամքը արտահայտել համայնքների խոշորացման հարցի վերաբերյալ»,-ասաց Աշոտ Գիլոյանը: Այսինքն՝ համայնքների խոշորացման նախագիծը հրապարակելուց հետո, բնակիչները եռօրյա ժամկետում իրազեկվում են: Եթե կարիքը կա, ապա համայնքը քննարկում է անցկացնում, որոշում կայացնում հանրաքվեի վերաբերյալ: Սա գործիք է, որից կարող են համայնքները օգտվել: Որպես կարևոր գործիք Աշոտ Գիլոյանն առանձնացրեց նաև հանրային լսումների գաղափարը, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն:

Օրերս կառավարությունը հավանության էր արժանացրել օրենսդրական նախաձեռնություններ, որոնցով կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան: Ներկայացրած նախագծով նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 2 ծրագիր՝ ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո, Տավուշի մարզի Իջևան համայնքային փնջերում: 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 52 ծրագիր, ինչի արդյունքում 465 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է 52 խոշոր համայնք: Այդ համայնքները գրեթե բոլոր մարզերում են: Միայն Արմավիրի մարզում առայժմ համայնքների խոշորացում տեղի չի ունեցել: Հենց Արմավիրից էլ այսօր դժգոհություններ կան, շատ համայնքներ հակված չեն խոշորացման: Աշոտ Գիլոյանի խոսքով, այստեղ տեղեկացվածության խնդիր կա:

«Շատերը նշում են, որ իրենց գործը դժվարացնում են, ինչո՞ւ պետք է տեղեկանքի համար գյուղից հասնեն կենտրոն և այլն: Ես կարող եմ ասել, որ համակարգը, մոդելն այնպիսին է, որ որևէ մեկը տեղեկանքի համար չի գնում կենտրոն: Գյուղերում կա վարչական ղեկավար, ով օժտված է բոլոր այն լիազորություններով, որոնցով օժտված է ներկայիս համայնքի ղեկավարը, բացի ֆինանսական բլոկից: Ցանկացած տեղական կամ վարչարարական հարցերի հետ կապված ոչ ոք ստիպված չի լինելու գնալ կենտրոն»,-ասաց Աշոտ Գիլոյանը: Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ շատ դեպքերում հենց համայնքների ղեկավարներն են դեմ խոշորացմանը: Նրանք, դառնալով վարչական ղեկավար, լավ չեն աշխատում, թերանում են, մարդկանց ամեն պարզ հարցի հետ կապված ուղղորդում են համայնքի կենտրոն:

Աշոտ Գիլոյանն ընդգծեց, որ համայնքների խոշորացումից արդյունքներն ակնհայտ են: Բնակիչները ստանում են որակյալ ծառայություններ, աղբահանության գործընթացն է բարելավվել, լուսավորված փողոցներն են ավելացնել, մանկապարտեզներ են կառուցվել:

«Օրինակ, Թումանյանի շրջանի Աթան գյուղում, նույնիսկ չէին պատկերացնի, որ մի օր մանկապարտեզ կունենան: Այսօր Երևանում գործող մանկապարտեզներից մի քանի անգամ ավելի լավ պայմաններով նախակրթարան է գործում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ միավորված համայնքներն ամենաակտիվն են սուբվենցիոն ծրագրերի իրականացման հարցում, մասնավորապես ջրագծերի կառուցում, ասֆալտապատում, կրթական հաստատությունների ջեռուցում և այլն: Կան համայնքներ, որտեղ 200 տոկոսով աճել է սեփական եկամուտը:

Չխոշորացված համայնքներում իրազեկման աշխատանքները շարունակվելու են, ներկայացվելու են հաջողված օրինակները: Ամեն դեպքում որոշողը համայնքի բնակիչներն են:

Աննա Գզիրյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը