Մարզեր

Գեղարքունիքից կառավարության քննարկմանն է ներկայացվել 135 սուբվենցիոն ծրագրային հայտ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքից կառավարության քննարկմանն է ներկայացվել 135 սուբվենցիոն ծրագրային հայտ

ԳԱՎԱՌ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներից 2020 թվականի համար ՀՀ կառավարություն է ներկայացվել 135 նպատակային եւ հիմնավորված սուբվենցիոն ծրագրային հայտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ դրանցից 35-ը վերաբերում են ներհամայնքային փողոցների ասֆալտապատմանը,11-ը՝ հրապարակների, պուրակների, մայթերի կառուցմանը եւ եզրաքարերի տեղադրմանը, 32-ը՝ խմելու եւ ոռոգման ջրագծերի վերանորոգմանը, ջրամատակարարման ցանցերի անցկացմանը, խորքային հորերի մաքրմանը, ջրահեռացման համակարգերի կառուցմանը եւ վերանորոգմանը, գաբիոնե հենապատի կառուցմանը, 31-ը՝ բազմաբնակարան շենքերի տանիքների եւ մուտքերի, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների վերանորոգմանը, մշակույթի տների եւ մանկապարտեզների գույքի ձեռքբերմանը, խաղահրապարակների կառուցմանն ու կահավորմանը, երաժշտական, արվեստի, մարզադպրոցների և համայնքային կենտրոնների հիմնանորոգմանը, 23-ը՝ փողոցային լուսավորության ցանցերի կառուցմանը և ընդլայնմանը, ֆոտովոլտային կայանների, լուսատուների և արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը, 2-ը՝ գազիֆիկացմանը և ջերմամեկուսացման համակարգի տեղադրմանը, 1-ը՝ բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատորի ձեռքբերմանը:

Նշված ծրագրային հայտերի գումարի չափը նախնական հաշվարկներով կազմում է շուրջ 6 միլիարդ 390 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ այս տարի Գեղարքունիքի մարզում ծրագրային հայտերի թիվն ավել է 31-ով: Ավելացել է նաեւ հայտ ներկայացրած համայնքների թիվը: Ընդհանուր հաշվարկներով՝ Գեղարքունիքի մարզի 57 համայնքից այս տարի ծրագրային հայտ չի ներկայացրել 8 համայնք:

Հաստատված ժամանակացույցին համապատասխան՝ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ծրագրային հայտերը ներկայացվել են ՀՀ կառավարության հաստատմանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում