Հասարակական

Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Ախալցխայում

3 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Ախալցխայում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստան աշխատանքային այցի ընթացքում Զարեհ Սինանյանը մեկնել է Ախալցխա և հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն: Հանձնակատարն իր խոսքում նշեց, որ այսպիսի այցերը կարևոր են ոչ միայն հայ համայնքների հետ հանդիպումների և խնդիրների բարձրաձայնման առումով, այլև նմանօրինակ հանդիպումների և ծանոթությունների տեսանկյունից: Ընդգծվեց այն հանգամանքը, որ հայ և վրացի ժողովուրդները կողք կողքի բնակվում են համերաշխության և եղբայրության սկզբունքներով՝ նպաստելով նաև երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացմանը: Վրացի պաշտոնյաները ներկայացրին Ջավախքում իրականացվող բարեփոխումները՝ սկսած կրթական մակարդակի բարձրացումից մինչև ճանապարհների կառուցում և ենթակառուցվածքների արդիականացում:

Անդրադարձ կատարվեց տեղի հայության առօրյային, զարգացման ծրագրերին և այլ թեմաների: Պատրաստակամություն հնչեց համագործակցել ծավալել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:

Այնուհետ Գլխավոր հանձնակատարը այցելեց թիվ 3-րդ հայկական դպրոց և Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Օրվա երկրորդ կեսին Զարեհ Սինանյանը հանդիպեց Ախալցխայի հայության հետ: Հանդիպումն ընթացավ անմիջական մթնոլորտում, ներկաները բարձրաձայնեցին իրենց հուզող բոլոր հարցերը: Դրանց գերակշիռ մասը վերաբերում էին կրթական ոլորտին՝ սկսած դասագրքերի քանակի, որակի ու բովանդակային խնդիրներից մինչև ուսուցիչների վերապատրաստում, նրանց որակավորման տարակարգի շնորհման դժվարություններ, նոր կադրերի պատրաստում, այլ հայագիտական առարկաների դասավանդման խոչընդոտներ և այլն: Ներկաները կարևորեցին նաև Վրաստանին սահամանամերձ հայկական մարզերի հետ ապակենտրոնացված համագործակցության հաստատման հեռանկարները: Շոշափվեցին սոցիալ-տնտեսական, մշակութային ոլորտներին առնչվող հարցեր: Գլխավոր հանձնակատարը նշեց, որ վրացի գործընկերների հետ ունեցած պաշտոնական հանդիպումների ընթացքում այս թեմաների մեծ մասին անդրադարձ կատարվել է, ձեռք են բերվել որոշ նախնական համաձայնություններ, համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում:

Հանդիպումից հետո Զարեհ Սինանյանն այցելեց Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոն։ Ավելի նեղ շրջանակով դարձյալ հանդիպում տեղի ունեցավ հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ:

Օրվա ավարտին հանձնակատարն այցելեց Ծուղրութ գյուղ և շրջայց կատարեց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում