Հասարակական

Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հարցով որոշում կկայացվի առաջիկա երկու օրում

2 րոպեի ընթերցում

Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հարցով որոշում կկայացվի առաջիկա երկու օրում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն իր նիստում քննարկել է Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հարցը. վերջնական որոշումը կլինի 1-2 օրվա ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Քիչ առաջ տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված` կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը նախագահում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Դրա ընթացքում մենք քննարկեցինք ստեղծված իրավիճակը, կատարված քայլերն ու անելիքները: Քննարկվեց նաև Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարց, որի վերաբերյալ մոտ ժամանակներս` 1-2 օրվա ընթացքում որոշում կկայացվի»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց` դա ենթադրում է նաև միջազգային պարտավորությունների շրջանակում փոփոխություններ, և ԱԳՆ-ն համապատասխան հայտարարությամբ հանդես կգա:

Հանձնաժողովի նիստում քննարկել են նաև Չինաստանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հարցերը: «Այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային բժշկական կանոններով, կատարվում են: Դրա մեջ են մտնում են սահմանային հսկողությունից սկսած մինչև պացիենտների վերջնական ախտորոշումն ու վարումը»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ պարզապես փորձելու են նվազեցնել պոտենցիալ վտանգ ներկայացնող քաղաքացիների մուտքը Հայաստան:

Հունվարի 30-ի ուշ երեկոյան Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը արտակարգ կոմիտեի հանդիպումից հետո հայտարարել է միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ: Դա պայմանավորված է եղել նրանով, որ երեկ արձանագրվել է Չինաստանից դուրս մարդուց մարդ փոխանցման դեպք:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում