Պաշտպանության նախարարը Ռումինիայի դեսպանի հետ քննարկել է ոլորտում գործակցության զարգացման հարցեր
2 րոպեի ընթերցում
![Պաշտպանության նախարարը Ռումինիայի դեսպանի հետ քննարկել է ոլորտում գործակցության զարգացման հարցեր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1003157.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունվարի 30-ին ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Քորնել Իոնեսկուին և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական, ռազմաօդային և ռազմածովային կցորդ, գնդապետ Վասիլի-Միրչա Ժուգուրանուին (նստավայրը՝ ք.Թբիլիսի)` Հայաստանում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Ժուգուրանուին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանում առաքելության ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ռումինական համագործակցությանը և դրա զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը գոհունակությամբ նշել է, որ 2019 թվականին վերականգնված ամենամյա պլանավորման ձևաչափով երկկողմ համագործակացությունն այս տարի շարունակվում է, նախատեսվում է ընդլայնել իրականացվող միջոցառումների շրջանակը:
Դեսպան Իոնեսկուն ևս կարևորել է համագործակցությունը և հաստատել ռումինական կողմի աջակցությունը համագործակցության զարգացման ջանքերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: