ՍԴ անդամները վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից կարող են օգտվել մինչև փետրվարի 27-ը
2 րոպեի ընթերցում
![ՍԴ անդամները վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից կարող են օգտվել մինչև փետրվարի 27-ը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1002935.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի անդամները վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքից կարող են օգտվել մինչև փետրվարի 27-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը:
«Օրենքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 27-ին, և կարգավորումը գործում է մինչև փետրվարի 27-ը: Ուղղակի համբերել է պետք: Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ կա ճգնաժամի լուծման այս պահին ուժի մեջ գտնվող գործիք: Սահմանադրական դատարանի 7 անդամներին հնարավորություն է տրված, որպեսզի իրենք արժանապատիվ հեռանան: Հաջորդ քայլերի մասի հաջորդիվ»,- ասաց Հովակիմյանը:
Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ այս կարգավորումից օգտվելը իրավունք է, ոչ թե պարտադրանք:
«Վաղ կենսաթոշակից օգտվելը իրավունք է, այստեղ պարտադրանքի տարր չկա, եթե որոշում են կայացնում, որ որևէ խնդիր չկա ներկա իրավիճակում, և չեն ուզում օգտվել այդ իրավունքից, դա իրենց որոշումն է»,- նշեց Մակունցը:
2019թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի փետրվարի 27-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: