ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը վստահ է, որ Հայաստանում երբեք չի եղել և չի էլ կարող լինել հակասեմիտականություն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Վարժապետյանը նշեց, որ Հայաստանում իրենց համար այնպիսի պայմաններ են ստեղծված, որ միշտ հպարտությամբ կարող են ասել իրենց հրեա լինելու մասին:
«Մենք այստեղ նաև հրեական համայնք ունենք, և Հայաստանը շատ հանդուրժող երկիր է, ու երբեք չի կարող այլ ազգի ներկայացուցիչ լինելու համար արյուն թափվել: Մենք մեզ այստեղ շատ հանգիստ ենք զգում, և Հայաստանում չի կարող լինել հրեատյացություն, քսենոֆոբիա: Հայերն իրենք էլ այլ երկրներում ազգային փոքրամասնություն են կազմում, ինչի համար էլ մշտապես ըմբռնումով են մոտենում իրենց երկրի բոլոր ազգային փոքրամասնություններին»,- նշեց Վարժապետյանը:
Հանրապետության հիմնական հրեական կազմակերպությունը Երևանում գործող Հայաստանի Հրեական Համայնքն է՝ գրանցված Արդարադատության նախարարությունում 1991 թ.-ին։ 1996-ից նախագահն է Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը: Այսօր Հայաստանում ապրում է մոտ 300-400 հրեական ընտանիք: Հրեաները սկսել են բնակվել Հայաստանում դեռևս 19-րդ դարում 1828 թվականից, երբ Թուրքմենչայի պայմանագրի համաձայն Հայաստանի տարածքը միացվեց Ռուսական Կայսրությանը: