Քաղաքականություն

Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին

2 րոպեի ընթերցում

Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

Այս տարի հայ համայնքի ամենամյա ընթրիքը կայանալու է հունվարի 29-ին: Մուրադ Փափազյանը տեղեկացրեց, որ միջոցառման պատվավոր հյուրն է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը:

Ընթրիքը նախատեսված է Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում:Ընթրիքի ժամանակ ակնկալվում է Ֆրանսիայի նախագահի ելույթը:

Հայտնի է, որ ավանդական դարձած յուրաքանչյուր ընթրիքի մասնակցում են Ֆրանսիայի նախագահը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, Ֆրանսիայի պետական և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հոգևոր հայրեր:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2019թ. ևս մասնակցել էր հայ համայնքի ամենամյա ընթրիքին: Նա հենց այդ օրը հայտարարել էր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում