ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ 08.01.2020 թվականի ադրբեջանական մամուլի հրապարակման՝ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության, աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության, երիտասարդության և սպորտի, կրթության, մշակույթի նախարարությունների, ինչպես նաև զորահավաքի և զորակոչի պետական ծառայության հետ ստորագրվել են համատեղ միջոցառումների՝ «Հասարակության, մասնավորապես երիտասարդ սերնդի մոտ ադրբեջանական բանակում զինվորական ծառայության վարկանիշի բարձրացման» 2020-2023 թվականների պլանը:
Իշխանություններն այդ կերպ ջանք և եռանդ չեն խնայում ադրբեջանական հասարակության շրջանում բարձրացնելու զինված ուժերի արժեզրկված հեղինակությունը, խաբեության և գովազդի մեխանիզմներ կիրառելով ապահովել բանակի մարդկային ռեսուրսի քանակը: Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարությունը քաջ գիտակցում է, որ զորամասերում զգացվում է անձնակազմի էական պակաս, որն իր հերթին ստեղծում է լրացուցիչ խոչընդոտներ կազմակերպելու մարտական հերթապահությունը առաջնագծում:
Նմանատիպ փաստերի վերաբերյալ համացանցում կան բազմաթիվ գրառումներ, որտեղ զինծառայողները հարցով դիմում են իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամներին ասելով. «Սա՞ է ծառայությունը՝ ձեր ամեն օր նկարագրած գերզարգացած բանակում: Սա՞ է բանակի բարձր մարտական ոգին: Կյանքը փրկելու համար զինվորներն օրերն են հաշվում»: «Սա՞ է ադրբեջանցիների տղամարդկության դպրոցը»: Ըստ Ադրբեջանական ընդդիմադիր հասարակական կազմակերպությունների հնչեցրած հայտարարությունների՝ բանակում դասալիքներ չկան, այդ մարդիկ լքում են զորամասերը իրենց կյանքը պահպանելու համար։ Ուղարկելով նորակոչիկին բանակ, հարազատները հաճախ նրան հետ են ստանում հիվանդ կամ մահացած:
Human Rights Watch-ի («Մարդու իրավունքների պաշտպանություն» մշտադիտարկման հետազոտման և փաստաթղթավորման ոչ կառավարական կազմակերպություն: Գրասենյակը գտնվում էԱՄՆ-ում) 2005 թվականի տվյալներով՝ 1994 թվականի հրադադարից հետո, ավելի քան 5000 ադրբեջանցի զինվորներ մահացել են ծեծի, ինֆեկցիոն հիվանդությունների և թերսնման հետևանքով: Նորակոչիկներն ապրում են վատ կենցաղային պայմաններում: Ելնելով Ադրբեջանի տարածքի կլիմայական առանձնահատկություններից, գրանցվում եմ մահացության դեպքեր՝ ամռանը արևային հարվածից և ձմռանը ցրտահարությունից:
Անգամ հեղինակավոր BBC-ի կայքն է բարձրաձայնել ադրբեջանական բանակում տիրող ամենաթողության մասին, մեջբերելով Հայաստանի օգտին լրտեսության մասին 2017 թվականի հայտնի Թերթերի գործը, համաձայն որի կտտանքների են ենթարկվել տասնյակ ադրբեջանցի զինվորականներ, 25 զինվորականի մեղադրանք է առաջադրվել հայրենիքի դավաճանության մեջ և խոշտանգումների հետևանքով արձանագրվել է 9 զոհ:
Բանակում առկա խնդիրների վերացմանը չեն օգնում նույնիսկ բանակի համար Ադրբեջանի բյուջեից հատկացված ահռելի գումարները, որոնք ոչ միայն չեն ծախսվում կարգուկանոնի ամրապնդման ուղղությամբ, այլև տարբեր ճանապարհներով յուրացվում և փոշիացվում են: