Հասարակական

«Դալմա Գարդեն մոլը» հունվարի 10-ին չի աշխատելու

2 րոպեի ընթերցում

«Դալմա Գարդեն մոլը» հունվարի 10-ին չի աշխատելու

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Դալմա Գարդեն մոլը» երեկոյան տեղի ունեցած արտակարգ իրավիճակի ու առևտրի կենտրոնի հաճախորդների տարհանման առնչությամբ հայտարարություն է տարածել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպության ֆեյսբուքի էջում գրված է.

«Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ նախորդ մեկ ժամվա ընթացքում Դալմա Գարդեն մոլում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։ Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Սակայն ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու։

Հետևեք միայն մեր պաշտոնական գրառումներին»։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա Երևանում ուժեղ երկրաշարժ սպասվելու մասին տեղեկատվություն տարածելու համար:

«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի:

Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում