«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը կալանավորվել է
2 րոպեի ընթերցում
![«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը կալանավորվել է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1000724.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը):
Հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իբր շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել իր կատարած գործողությունների վերաբերյալ։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։