Հասարակական

Հրայր Թովմասյանի գործով քրեական հետապնդման համար ՍԴ թույլտվություն չի պահանջվում. Բադասյան

2 րոպեի ընթերցում

 Հրայր Թովմասյանի գործով քրեական հետապնդման համար ՍԴ թույլտվություն չի պահանջվում. Բադասյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել նրա՝ նախարար աշխատած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ չարաշահումների գործով, ապա նա չի կարող օգտվել ՍԴ դատավորի անձեռնմխելիության իրավունքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրվելու մասին հարցին:

«Որքանով ես եմ տեղյակ, գործը չի վերաբերում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, վերաբերում է Թովմասյանի՝ նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին: Այդ մասով բնականաբար Սահմանադրական դատարանի թույլտվությունը քրեական հետապնդման մասով չի պահանջվում, այդ մասով Սահմանադրական դատարանի դատավորն անձեռնմխելիություն չունի»,- ասաց Բադասյանը:

Նա նշեց, որ ինչպես բազմիցս հայտարարվել է՝ որևէ անձ չունի երաշխիք, որ չի հետապնդվելու քրեական դատավարությամբ սահմանված կարգով: Դրա ապացույցն են այսօր Հայաստանում մեծ թվով նախկին և ներկա պաշտոնատար անձանց մասով իրականացվող քրեական հետապնդումները:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին: Նա, լրատվամիջոցների հաղորդմամբ, Հրայր Թովմասյանի սանիկն է:

Թովմասյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը: ՍԴ նախագահը հրաժարվել է որևէ ցուցմունք տալուց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում