Հասարակական

Բադասյանը բարձր է գնահատում քրեական ենթամշակույթի նահանջի ուղղությամբ արված աշխատանքները

3 րոպեի ընթերցում

 Բադասյանը բարձր է գնահատում քրեական ենթամշակույթի նահանջի ուղղությամբ արված աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական ոլորտում 2019 թվականին ՀՀ արդարադատության նախարարության ունեցած հիմնական ձեռքբերումը քրեական ենթամշակույթի նահանջման մասով կատարված նշանակալի աշխատանքն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ընդգծելով, որ այս մասով անելիքները, բնականաբար, շարունակվելու են:

«Քրեակատարողական ոլորտի նախնական ուսումնասիրությունն ինձ մոտ տպավորություն ստեղծեց, որ այդ ոլորտը նախատեսված չի եղել պետության կողմից կառավարման համար, այսինքն, ոլորտը հանձնված է եղել քրեական ենթամշակույթին: Սա իմ արձանագրում է, քանի որ քրեակատարողական հիմնարկում չկան տարրական շենքային պայմաններ, չկան էլեկտրոնային հսկողության միջոցներ: Խցերը գտնվում են անվտանգության տեսակետից ոչ պատշաճ վիճակում: Օրինակ, դռների վիճակը խիստ մտահոգիչ է «Արմավիր» ՔԿ հիմնարկում: Սրանից կարող ենք բխեցնել, որ պետությունը վերջին տարիներին որևէ ջանք չի գործադրել, որպեսզի ունենա կառավարելի քրեակատարողական հիմնարկներ, որտեղ անձանց իրավունքները չեն խախտվում, որտեղ քրեական ենթամշակույթն ազդեցություն չի գործում դատապարտյալների և կալանավորների վրա»,- ասաց Բադասյանը:

Նա ընդգծեց, որ անցնող տարում իրականացված աշխատանքների շնորհիվ գրանցվել է նշանակալի առաջընթաց: «ՔԿ հիմնարկներում կադրային նշանակալի փոփոխություններ են կատարվել, որից հետո ենթամշակույթի մասով իրավիճակը հիմնովին փոխվել է: Իհարկե, դեռ շատ անելիքներ կան»,- նշեց նախարարը:

Նա խոսեց նաև քրեակատարողական հիմնարկներում սննդի մատակարարման նոր մոդելի՝ մասնավորի միջոցով սննդի մատակարարման ծրագրի մասին, որը, նրա համոզմամբ, նվազեցնում է ՔԿ հիմնարկներում կոռուպցիոն ռիսկերը և հանձնուքների միջոցով արգելված իրերի ներթափանցումը: Այս պահին ծրագիրն իրականացվում է «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ-ներում, սակայն ծրագիրը շարունակական է. ապրիլին դրան միանալու են «Աբովյան» և «Գորիս» ՔԿ հիմնարկները, իսկ արդեն հունիս-հուլիսին՝ բոլոր 12 քրեակատարողականները:

Բադասյանը հայտնեց նաև, որ առաջիկայում նախատեսված են քրեակատարողական հիմնարկների համար էլեկտրոնային հսկողության միջոցների ձեռքբերումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում